«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից». Լարսում մնացած ավտոբուսը ճանապարհ է ընկել

Իրավիճակին շարունակում են հետևել հայ դիվանագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Հունիս — Sputnik. Մոսկվա–Երևան երթուղու՝ Լարսի անցակետում մնացած ավտոբուսի ուղևորներին սնունդ և ջուր են հասցրել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Ավազառ բուս» ընկերության ներկայացուցիչ Վիգեն Հարությունյանը։

Ինչու է հայկական ընկերության ավտոբուսը մնացել Վերին Լարսում. նոր մանրամասներ

Նշենք, որ ավտոբուսը կանգնեցվել էր ռուս–վրացական սահմանին, վրացի մաքսայինները ավտոբուսում hoverboard էին հայտնաբերել, որը կասկածելի էր թվացել։ Այն զննելուց հետո նրա մեջ շուրջ կես կիլոգրամ թմրանյութ էին գտել։

«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից։ Կասկածում են, թե նա է ուղեկցել բեռը», – ավելացրեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ իրը և բեռը գտնվում էին ոչ թե ավտոբուսի վարորդի մոտ, այլ ուղևորներից մեկի։

Սահմանը հատելուց հետո, ավտոբուսը խցանման մեջ է հայտնվել։ Հարությունյանը բացատրեց, որ մայրուղու վրա շատ մեքենա է կուտակվել։ Շատերը հանգստանալու են մեկնում, շատերն էլ Վրաստանից են վերադառնում (հիմնականում` ռուսաստանցիներ, վերջին իրադարձություններով պայմանավորված)։

«Մեր ընկերության հետ համագործակցում էին տարածքային կառավարման նախարարությունը և Թբիլիսիում մեր դեսպանատունը։ Մենք ուղևորների համար սննդով և ջրով մեքենա ենք ուղարկել. այդ ամենը գնել են ճանապարհին` Վրաստանում», – ավելացրեց Հարությունյանը։

Իրավիճակին շարունակում են հետևել հայ դիվանագետները։