«Բարի ախորժակ»․ Կարեն Կարապետյանն ընտանիքի հետ հանգստանում է Ծաղկաձորում

Sputnik Արմենիայի թղթակիցը պատահմամբ հանդիպել է Հայաստանի նախկին վարչապետին, երբ Ծաղկաձորում մասնակցում էր սեմինարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին ընտանիքի՝ կնոջ, որդու, նրա կնոջ և փոքր թոռան հետ հանգստանում է Ծաղկաձորում՝ տեղի «Tsaghkadzor Marriott Hotel» հինգաստղանի հյուրանոցում։ Նախկին վարչապետը հրաժարվեց շփվել լրագրողների հետ։

Նշենք, որ մի քանի լրագրողներ, որոնց թվում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Ծաղկաձորում մասնակցում է սեմինարի՝ կազմակերպված Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի և «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից։

Կարեն Կարապետյանը հրաժարվեց զրուցել՝ ասելով, որ հիմա հարցազրույց չի տալիս։

«Բարի ախորժակ, բարի ժամանց», - լրագրողներին մաղթեց նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը 2016-2018 թթ-ին։ Հրաժարական է տվել 2018 թ-ի մայիսի «թավշյա հեղափոխության» ֆոնին։ Դրանից հետո ակտիվություն չի դրսևորել մեծ քաղաքականությունում։