ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության Facebook-յան էջից:
«ՀՀ քաղաքացին, իր փոխանցմամբ, որևէ բողոք և խնդիր չունի։ Նա նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։ Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները»,- նշված է գրառման մեջ։
Դեսպանության դիվանագետների ջանքերով՝ ՀՀ քաղաքացին հեռախոսազրույց է ունեցել հարազատների հետ, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։
Դեսպանության հաղորդմամբ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իրավաբանի միջոցով նաև բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացուն ձերբակալել են երեկ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, ձերբակալված անձը 1995 թ. ծնված Մինաս Մինասյանն է, սովորում է Թբիլիսիում և, ըստ նախնական տեղեկության, ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է:
Թբիլիսիում ՀՀ քաղաքացու ձերբակալելու առնչությամբ այսօր հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա տեղեկացրել էր, որ ձերբակալված անձը 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիթորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը:
Թբիլիսիում փողոցային անկարգությունները սկսվել են հունիսի 20-ին. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։