«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը

Նարեկացու գաղափարախոսությունը մտերմացրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանին ու Արթուր Ջանիբեկյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Տեր Մեսրոպ քահանա Արամյանն արևելահայերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որի շնորհանդեսը կայացավ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

«Ես Նարեկացու հետ առնչվել եմ դեռ դպրոցական տարիներից, և իմ ամբողջ կյանքը վերափոխվել է այդ գրքով: 30 տարի աշխատել եմ այս գրքի թարգմանության վրա, ավելի արագ դա անել հնարավոր չէր, քանի որ գիրքը դնում է հենց այն կարդացողի վերափոխման խնդիրը: Ես փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը, առանց խաթարելու Նարեկացու մտքի ընթացքը, գրքի իմաստը: Հուսով եմ` այս թարգմանությամբ նոր փուլ կդրվի Նարեկացու ընկալման մեջ»,– ասաց նա:

Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը գրվել է 1000 տարի առաջ, և, Արամյանի խոսքով, որևէ մեկը քրիստոնեական պատմության մեջ այդքան անկեղծ չի նկարագրել մարդու հույզերը:

«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը

«Սա աղոթագիրք է, որը մարդկության ամենամեծ երկխոսությունն է Աստծու հետ: Այս գիրքը նրանց համար է, ովքեր փնտրում են կատարելության ճանապարհը, ովքեր փորձում են իմաստավորել իրենց կյանքը: Այս ստեղծագործությունը սեղանային ընթերցման գիրք չէ, քանի որ իր մեջ ունի ակնհայտ բարդություններ, որովհետև ոչ մի բարձրարժեք բան հեշտությամբ չի տրվում մարդուն, և դրան հասնելու համար պետք է գին վճարել»,– ասաց Արամյանը։

Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

Նրա խոսքով` Նարեկացու ապաշխարության մեջ ոչ մի հուսահատեցնող բան չկա, և այս գիրքը բազմանիստ հայելի է, որը մարդուն ցույց է տալիս ամեն կողմից:

Քահանան մտահոգված է, որ դարեր շարունակ «Մատյան ողբերգության» գիրքը չի կարդացվել, այն դրել են բարձի տակ, վերածել մասունքի, հիմա էլ լավ վաճառվող հուշանվեր է դարձել:

«Նարեկացին կարդալու համար է։ Նա մեր լեզվին թռիչքի համար հոգևոր թևեր է տվել: Եթե Նարեկացուն դնենք մի նժարի վրա, իսկ մնացածիս` մեկ այլ նժարին, Նարեկացու կշիռն ավելի ծանր կլինի: Եթե մենք ամուր հոգևոր հիմքեր չունենանք, մեր ազգային կյանքում ինչ էլ կառուցենք փլուզվելու է: Եկել է այդ գիրքը բացելու և կարդալու ժամանակը»,- նշեց քահանան:

Գրքի հրատարակչության ծախսերը հոգացել է ռուսաստանցի մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը, որին քահանա Արամյանը ներկայացրեց որպես իր եղբայր: Նրանց մտերմացրել է հենց Նարեկացու գաղափարախոսությունը:

«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը

Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն տարբերակի օծման արարողությունը տեղի է ունեցել Նարեկավանքում :

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը: Աղջիկներն իրենց կատարումներով հիացրին ներկաներին:

«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը

Միջոցառման հյուրերը հեռացան «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն տարբերակը ձեռքներին: