ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik. Գերմանայից կամ եվրոպական այլ երկրներից ներդրումներ կլինեն այն ժամանակ, երբ ներդրողները համոզված լինեն Հայաստանի դատական համակարգի թափանցիկության և անկախության մեջ։
Այսօր Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ այս մասին ասաց արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետ, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Քրիստիան Ֆորնեկը։
Խոսելով Հայաստանի դատարանների շենքերն արգելափակելու աղմկահարույց իրադարձությունների մասին` Ֆորնեկը զուգահեռներ անցկացրեց իր երկրի հետ` ընդգծելով, որ Գերմանիայում նման մեթոդներին որևէ մեկը դրական չէր վերաբերվի։
«Գերմանիայում սովորաբար դատարաններ չեն արգելափակում։ Ոչ մի գործարար չի գա մի երկիր, եթե լսի, որ խոչընդոտում են դատարանների աշխատանքը։ Գործարարը միլիոններ է կորցնում, երբ նիստը հետաձգվում է։ Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի հարցում», – ընդգծեց Ֆորնեկը։
Հիշեցնենք, որ երբ Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությամբ ազատ արձակեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին արգելափակվեցին դատարանների շենքերը, որոնք, սակայն, ավելի ուշ բացվեցին։ Հայաստանի օմբուդսմենը, Փաստաբանների պալատն ու Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես եկան` հորդորելով չմիջամտել դատական իշխանության աշխատանքին։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի դատական համակարգը «վիրահատական միջամտության» կարիք ունի։