Բաղանիսում տոն է. գյուղն արդեն նոր մանկապարտեզ ունի. լուսանկարներ

Ադրբեջանի սահմանին գտնվող գյուղի մանկապարտեզի շենքը գետի վարարումից պաշտպանելու համար ֆելզիտե հատուկ բլոկներ են տեղադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik.Տավուշի մարզի Բաղանիս գյուղի փոքրիկներն արդեն նոր մանկապարտեզ կհաճախեն. տասն ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո այսօր հանդիսավորությամբ բացվեց գյուղի մանկապարտեզը, որը կառուցվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մանկապարտեզի բացման արարողության լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նոր մանկապարտեզը կառուցված է Բաղանիս գետակի ափին: Կար մտահոգություն, թե նոր մանկապարտեզի վայրը սխալ է ընտրված, և շենքը կարող է տուժել գարնանային վարարումներից: Սահմանապահ գյուղին հաջողվել է նաև այս հարցը լուծել: Մանկապարտեզի շենքը գետի վարարումից պաշտպանելու համար տեղադրվել են ֆելզիտե հատուկ բլոկներ, որոնք բարեգործական հիմունքով տրամադրել է Իջևանի «Քարարտ» ընկերությունը։

Կրակոցների տակ. սահմանամերձ Բաղանիսում կյանքը եռում է

Բաղանիսի մանկապարտեզի բացումն իսկական տոն է դարձել գյուղի համար:

Հիշեցնենք, որ այս տարի մայիսին ՀՀ կառավարությունը սահմանամերձ գյուղում մանկապարտեզ կառուցելը խիստ ռիսկային էր համարել և գյուղում մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ մեկ տարի առաջ կայացված որոշումը որոշվել էր չեղարկել այն պատճառաբանությամբ, որ երեխաները կարող են հակառակորդի նշանակետում հայտնվել:

Մանկապարտեզի հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարևանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծության գոտում, այդ պատճառով շենքն արդեն վաղուց չէր շահագործվում: 2013 թ.-ից գյուղապետարանի շենքում առանձնացվել էր մեկ սենյակ՝ մանկապարտեզի պարապմունքները կազմակերպելու համար: