Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ. Քոչարյանի ներկայացուցիչ

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ, միայն մեկ դեպքում է Սահմանադրական դատարան ուղարկված գործը վերսկսվում, երբ ՍԴ-ն է նման որոշում կայացնում: Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին ասաց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 20–ին Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում էր կայացրել:

«Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ, և ես ցավ եմ ապրում, որ Վերաքննիչ քրեական դատարանը սա քննարկման առարկա էր դարձրել: ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ երբ այս կամ այն գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշում է կայացվում, ապա երեք օրվա ընթացքում այն պետք է կասեցվի ու ուղարկվի ՍԴ, և վերջ: Այսինքն՝ ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն արձանագրել է, որ դատարանները, որպեսզի բացահայտեն՝ կա սահմանադրականության խնդիր, թե ոչ, կարող են մեկնաբանել օրենքը, սակայն այդ մեկնաբանությունները վերջնական և համապարտադիր չեն: Այսինքն՝ եթե սահմանադրականության հետ կապված հիմնավոր հարցեր կան, դատավորը պարտավոր է դիմել ՍԴ:

Դատարանը սխալ է թույլ տվել. դատախազը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

«Կոնկրետ Քոչարյանի գործի դեպքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այլընտրանք չուներ, քանի որ առկա է հիմնավոր կասկած 300.1 հոդվածի «սահմանադրական կարգը տապալելու» և անձեռնմխելիության հարցի սահմանադրականության հետ կապված: Այսինքն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գործը ՍԴ ուղարկելու որոշումը Վերաքննիչում քննարկման առարկա դարձնելը նպատակ չուներ»,-ասաց Վարդևանյանը:

Նա նշեց նաև, որ դատախազությունը ոչ մի անգամ ՍԴ դիմելու որևէ որոշում չի կասեցրել, ինչը նույնպես փաստում է այն մասին, որ այդ որոշումը չեն բողոքարկում: Անդրադառնալով ՍԴ-ի՝ Քոչարյանի գործը վարույթ ընդունել-չընդունելու որոշումը մեկ ամսով էլ հետաձգելու և գործն ուսումնասիրելու համար հավելյալ ժամկետ վերցնելուն՝ Վարդևանյանը նշեց, որ եթե սահմանադրականության խնդիր չլիներ, ՍԴ-ն տասը օրում էլ նման որոշում կկայացներ, իսկ եթե մեկ ամիս էլ հավելյալ ժամկետ է վերցնում, նշանակում է, որ այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ:

«Ես մեծ ցավ ապրեցի, երբ նկատեցի, որ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում դատախազության ներկայացուցիչներից ոչ ոք անդրադարձ չկատարեց ՍԴ-ի՝ վարույթ ընդունելու ժամկետը մեկ ամսով հետաձգելուն: ՍԴ-ն առավելագույնը հուլիսի 9-ին պետք է որոշում կայացնի, սա նշանակում է, որ ՍԴ-ն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել գործը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։ Նա նշել էր, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 16։00–ին։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: