Հայ–ռուսական հարաբերությունները որոշում է աշխարհաքաղաքականությունը, ոչ թե անհատը

Երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, դեմ էր, որ Հայաստանն անդամակցի ԵԱՏՄ–ին, իսկ հիմա նա խոսում է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացումն ամրապնդելու անհրաժեշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայ–ռուսական հարաբերությունները որոշում են աշխարհաքաղաքական իրողությունները, այլ ոչ անհատները։ Այսօր Երևանում կազմակերպված «Կովկաս 2018» գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի գործընկերների թվում. Կոպիրկին

Որպես ակնառու օրինակ` նա նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորությունը. երբ նա ընդդիմադիր պատգամավոր էր, մի բան էր ասում, իսկ վարչապետ ընտրվելուց հետո փաստացի հասկացրել է, որ իրավիճակը փոխվել է, և կարևոր չէ` նախկինում ինչ է ասել։

Ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, բայց հիմա, գլխավորելով իշխանությունը, վարչապետը խոսում է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացումն ամրապնդելու անհրաժեշտության մասին։

«Ե՛վ ղարաբաղյան խնդիրը, և՛ հայ–ռուսական հարաբերությունները պայմանավորված են ավելի լուրջ գործոններով, քան անձնական հարաբերությունների գործոնը։ Կան անվտանգության հարցեր, կան աշխարհաքաղաքական իրողություններ, որոնց չի կարելի հաշվի չնստել», – ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը։ Պայմանագրի համաձայն` ռազմակայանը պարտավորվել է ապահովել Հայաստանի պետական սահմանի անվտանգությունը։