«Եթե հայտարարության անհրաժեշտություն լինի, կանեմ». Հրայր Թովմասյանը դեռ աշխատանքի է գնում

Անհրաժեշտության դեպքում Թովմասյանը պատրաստ է հանդիպել ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ և հանդես գալ հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik.Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի բարձրագոչ հայտարարությանը: Նա հունիսի 20–ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան է գնում դատարանի նախագահի լիազորություններով։

«Ինչպես տեսնում եք, աշխատանքի եմ գնում։ Եթե ինչ–որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, ապա ես կանեմ դրանք և կհանդիպեմ մամուլի հետ», – այսօր լրագրողներին ասաց Թովմասյանը։

Վահե Գրիգորյանի հայտարարությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նոր սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորների թեկնածությունները հաստատվում են Ազգային ժողովում։ Բոլոր դատավորները, Գրիգորյանից և Արման Դիլանյանից բացի, (նա արձակուրդում է) նշանակվել են նախկին սահմանադրության շրջանակում, այսինքն`առանց ԱԺ–ի հաստատման։

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Վահե Գրիգորյանի ընտրվելը Քոչարյանի` ՍԴ ուղարկած գործի վրա

Վահե Գրիգորյանին ՍԴ նոր անդամ ընտրելու քաղաքական գործոնն ու բաղկացուցիչը

Նշենք, որ այս պահին ՍԴ շենքի դիմաց Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում։

Հիշեցնենք, որ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվեց հունիսի 18-ին։ Գաղտնի քվեարկության ժամանակ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 99 պատգամավոր, դեմ` 22–ը։

Գրիգորյանը երկար ժամանակ զբաղվել է ընդդիմադիր լրագրողների և քաղաքական գործիչների պաշտպանությամբ, ներկայացրել 2008թ–ի մարտի 1–ի զոհերի իրավահաջորդների շահերը։