Յուրի Խաչատուրովի պաշտպանը Սահմանադրական դատարան է դիմել

Պաշտպանը կարծում է, որ կան հարցեր, որոնք միմիայն ՍԴ–ն կպարզաբանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2008–ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրգործով բողոքի քննության ժամանակ այս մասին հայտարարեց Պողոսյանը։

«Ես դիմել եմ ՍԴ` քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) հոդվածի սահմանադրականության հետ կապված։ Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում պատասխան չի տրվում հարցին` արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ոչ, հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան»,–ասաց պաշտպանը։

Նա նշեց նաև, որ ՍԴ ուղարկած իր դիմումով նաև մատնանշել է ՔՕ 300.1 հոդվածի որոշակիության, հետադարձ ուժի սահմանադրականության հետ կապված հարցերի մասին։

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի քրգործի նախաքննությունն ավարտվել է

Պողոսյանի խոսքով` այս հարցերը պետք է պարզաբանի միայն ՍԴ–ն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ քրեական դատարանում հերթական դատական նիստն է ընթանում` դատավոր Արմեն Դանիելյանի ղեկավարությամբ։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: