Մնացականյանն ու Բոլտոնը հանդիպել են. արտգործնախարարը գոհ է հանդիպումից. լուսանկարներ

ՀՀ արտգործնախարարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ հանդիպման մասին գրել Twitter–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ մնացականյանը գոհ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հանդիպումից։ Նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում

«Բավարարված եմ դեսպան Բոլտոնի հետ դրական մթնոլորտում, հանգամանալից և բովանդակալից քննարկումից»,– գրել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հանդիպման ժամանակ խոսել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության մասին:

​«ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»,– նշել է նա:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Զոհրաբյանը երեկ` հունիսի 19-ին, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։