«Հապճեպ բարեփոխումների ճանապարհով մենք չենք գնա». Փաշինյանը` դատական բարեփոխումների մասին

Վարչապետը խոսել է արդարադատության ոլորտում օրենքի ուժին հավատացող խելացի և սկզբունքային մարդկանց ներգրավելու կարևորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ արագ բարեփոխումներ անցկացնել, սակայն դատական համակարգը փոխելու է արմատապես։ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–ում այսօրվա իր ելույթի ժամանակ։

Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին

Անկախ դատական համակարգի ձևավորման անհրաժեշտ պայմաններից մեկը, ըստ վարչապետի, դատավորների աշխատավարձերի բարձրացումն է։

Նա ընդգծեց, որ մտադիր չէ գնալ հապճեպ բարեփոխումների ճանապարհով, քանի որ 90-ականների փորձը ցույց է տվել նման մոտեցման անարդյունավետությունը։

«Ինձ համար ակնհայտ է, որ մենք չենք կարողանա բարեփոխումներ անցկացնել` առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։ Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում, թերևս, առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատշաճ մակարդակով հավակնորդներ։ Մարդիկ հասկանում են, որ այլևս չեն կարողանա կաշառք վերցնել, բիզնեսով չեն զբաղվի և ստիպված կլինեն ապրել 400-600 հազար դրամ աշխատավարձով», – ասաց նա։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց արդարադատության ոլորտում օրենքի ուժին հավատացող խելացի և սկզբունքային մարդկանց ներգրավելու կարևորությունը։ Նման մասնագետները, սակայն, գերադասում են մասնավոր հատված գնալ, որտեղ նրանք կարող են կայանալ ֆինանսապես։

«Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարի նոր ներգրավված դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այսինքն, դա մեր պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Այդ ընթացքում՝ ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ», – ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը դատավորների «վեթինգի» հարցը բարձրացրեց, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությամբ ազատվեց կալանքից։ Փաշինյանի կոչով արգելափակվեցին դատարանի շենքերի մուտքերը։

ՀՀ օմբուդսմենը, Փաստաբանների պալատն ու Բարձրագույն դատական խորհուրդը հորդորեցին չմիջամտել դատական իշխանության աշխատանքին։ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Նա նաև նշեց, որ քաղաքացիների իրավունքները խախտող դատավճիռ կայացնող բոլոր դատավորները պետք է ազատվեն աշխատանքից կամ հրաժարական տան։