Գյումրեցիները «պատժեցին» «Ֆրանկ Մյուլլերին»

Գյումրու ավագանին որոշեց, որ «Ֆրանկ Մյուլլերին» տրված շինությունը պետք է փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ավագանու անդամներն այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեցին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի շինությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց տրամադրելու որոշմանը: Այսպիսով՝ ավագանին ուժը կորցրած ճանաչեց կառույցը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը հատկացնելու նախորդ որոշումը:

Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել

Անցած տարի շինությունը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը տրամադրելու հարցով դիմել էր ընկերության նախագահ, գործարար Վարդան Սրմաքեշը, որի ներդրումային ծրագրով Գյումրիում բացվել է «Սաստեքս» ՍՊ ընկերության կարի արտադրամասերը: Կառույցը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր տրամադրվել արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով, սակայն մեկ տարվա ընթացքում շենքի հետ կապված որևէ ներդրում չի եղել:

«Հանգամանքները փոխվել են։ Մեկ տարվա ընթացքում ընկերությունը պետք է սկսած լիներ նախագծային աշխատանքներ, պայմանագրեր պետք է կնքած լիներ կողմերի, բնակիչների հետ, սակայն այս պարտականություններից ոչ մեկն ընկերությունը չի կատարել, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է Գյումրի քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման (ամրացման-վերականգնման) արդյունքում շենքերի բնակարանները հատկացնել անօթևանության կարգավիճակ ունեցող ընտանիքներին»,- ավագանու անդամներին ասաց գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ավագանու անդամ Սուսաննա Աստոյանն էլ նշեց, որ դեռ անցած տարի, երբ քննարկվում էր շենքը «Ֆրանկ Մյուլլերին» հանձնելու հարցը, ինքը զգուշացրել էր, որ իրենք վստահելի գործընկեր չեն։

«Գիտեի, որ իրենք մինչև վերջ իրենց պարտավորությունը կատարողը չեն, այնպես որ ճիշտը կառույցը վերցնելն է և հիմնադրամին հանձնելը»,- ասաց նա:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտնեց, որ խոսել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչների հետ:

«Չէի ուզի, որ այդ կարծիքն ունենայիք նրանց մասին: Նրանք տարբեր պատճառներ ունեին և հաստատ իրենց նոր ներդրումը կունենան Գյումրի քաղաքում»,– ասաց նա:

Հավելենք, որ ըստ որոշման շենքը մնում է համայնքին՝ հիմնադրամին տալով անհատույց օգտագործման իրավունք:

Հրավառությամբ ու երգիչներով՝ 8 միլիոն դրամ. օգոստոսին Գյումրին կնշի իր տոնը

Ամիսներ առաջ էլ Գործարանային փողոց N 2/6 հասցեում գտնվող կառույցի դիմաց գտնվող և պետական սեփականություն հանդիսացող շենքն արդեն տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է արդեն Գործարանային փողոց N 2/6 հասցեում: