Չէ, ոչ մի, ինչպես պատգամավորներից մեկը կասեր՝ էքստրաօրդինար բան չկա: Թռուցիկ հայացքն իսկ բավական է, հասկանալու համար, թե խոսքն ինչի մասին է: Կամավորականները կամ կուսակտիվիստները քաղաքացիներին բաժանում են պաշտոնավարման մեկ տարվա առթիվ ունեցած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 100 փաստը՝ առանձին գրքույկով:
Ընդհանուր 34 էջ ծավալով այդ գրքույկի կազմին նշված է. «100 փաստ նոր Հայաստանի մասին. Մայիս 2018 - մայիս 2019»:
Իսկ հակիրճ նախաբանում էլ գրված է, որ գրքույկն ամփոփում է նշված 1 տարում «ՀՀ կառավարության գործունեության մասին 100 փաստ, որոնք իրենց բնույթով խորհրդանշում են Նոր Հայաստանը»: Իսկ վերջում էլ, կրկին կազմի վրա պատկերված է ՀՀ զինանշանը ու գրված է՝ «ՀՀ վարչապետի աշխատակազմ»:
Ի դեպ, կա նաև առանձին «Ամփոփում»՝ վերջաբանի փոխարեն, որտեղ նշվում է, թե այս մեկ տարում, կառավարության աշխատանքի շնորհիվ պետբյուջեի եկամուտները որքան են ավելացել ու էլ ինչ լավ-լավ բաներ են կատարվել: Մի խոսքով, տե՛ս Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա պաշտոնավարման վերաբերյալ ասուլիսը՝ թվարկված փաստերով հանդերձ:
Այս ամենի մեջ ամենից հետաքրքիրն այն է, որ վարչապետի աշխատակազմը տեղեկատվաքարոզչական առումով, ինչպես ասվում է՝ 4G ինտերնետ դարաշրջանում, «նոր» Հայաստանի նվաճումները հասարակությանը ներկայացնելու համար դիմել է «հին», նույնիսկ՝ «հնագույն» մեթոդների օգնությանը: Այն է՝ տպագրել գիրք, գրքույկ և վարչապետի ասածները այդ կերպ «շեյր անել» կամ տարածել ոչ ֆեյսբուքաբնակ հայրենակիցների շրջանում: Հնարամիտ քայլ է, նկատենք:
Ըստ որում, քարոզչատեղեկատվական այս «նորարարությունը» կարելի է գրանցել որպես «նոր» Հայաստանի կառավարության գործունեության 101-րդ փաստ-ձեռքբերում:
Համենայն դեպս, առաջներում նման քայլ եթե որևէ կառավարություն կատարեր, ապա կարող եք չկասկածել, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները այնքան կծաղրեին, որ գրքույկը կինքնահրկիզվեր: Իսկ հիմա՝ նորմալ է, գրքույկ ստացած հայրենակիցներից, գոնե ինձ հանդիպած քաղաքացին, օրինակ, ուրախ էր: Ավելին, նա գրքույկը մյուսներին ցույց էր տալիս, նշելով՝ տեսեք, տեսեք, որ շատ բան է փոխվել, կարդա՛ և կտեսնե՛ս:
Ի դեպ, գրքույկը տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը: Բայց, որքան էլ խոսվի «նոր Հայաստանի» մասին, օրինակ, գրքույկի տիտղոսաթերթիկի վրա չկա ոչ մի տվյալ այն մասին, թե ինչ տպաքանակով է այն լույս ընծայվել: Թեպետ, «նշումների համար» առանձին էջ, օրինակ, նախատեսել են, անգամ տողեր կան գծված:
Ի դեպ, վատ չէր լինի նաև տեղեկանալ, թե ժողովրդական ու այլևս թափանցիկ աշխատող կառավարությունը որքան գումար է ծախսել այդ գրքույկի տպագրության համար: Իսկ ընդհանուր առմամբ, որպես տեղեկատվական ու քարոզչական միջոց, համարյա ինչպես նորաձևության դեպքում՝ ամենից լավ նորը լավ մոռացված հինն է: