«Վրեմյայից» առաջ և հետո, կամ ինչպես հայ լրագրողը խեցեգործ դարձավ ԱՄՆ–ում

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն պատմում է` ինչպես է դասավորվել լեգենդար հեռուստալրագրողի ճակատագիրը մեծ էկրանից հեռանալուց հետո:
Sputnik

Դմիտրի Պիսարենկո, Sputnik

Նա ելավ կարմիր մեքենայից, ինչպես կինոյում. մուգ կարմիր պիջակով և նրբագեղ շարֆով: Իսկակա՛ն նկարիչ: Վլադիմիր Նազարյանն այսպիսի տեսք ունի 69 տարեկանում։ Նրա անզուգական առոգանությունը, ձայնի արտասովոր տեմբրն ու մշտապես պատկառելի կերպարը կադրում մինչ օրս նրանց հուշերում է, ովքեր ХХ դարի վերջին կանոնավոր դիտում էին «Վրեմյա» հեռուստահաղորդումը:

Խոսքը Հայաստանում «Վրեմյայի» սեփական թղթակից Վլադիմիր Նազարյանի մասին է: Տպավորվող լրագրողը, որին վիճակված էր վերապրել նորագույն հայոց պատմության ճակատագրական իրադարձությունները` Սպիտակի երկրաշարժ, շրջափակում և Արցախյան պատերազմ, արդեն մոտ 20 տարի է` ապրում է Խաղաղ օվկիանոսի ափին` ամերիկյան փոքրիկ Վենտուրա քաղաքում:

«Ստիպված էի մոռանալ` ով եմ եղել անցյալում և կյանքը զրոյից սկսել: Սկզբում աշխատանքի անցա ոսկերչական արտադրամասում, մատանիներ էի սարքում: Բայց դրանից ոչինչ դուրս չեկավ, և երկու շաբաթ անց ինձ վերջնահաշվարկ ներկայացրին», – հեգնանքով հիշում է Նազարյանը:

Նազարյանն ԱՄՆ գաղթեց նեղսրտած: Հայրենիքում նրա փորձը պահանջված չէր: Ղարաբաղյան հակամարտության տարիներին նա մշտապես տեղեկատվական դիմակայման առաջնագծում էր: Նրա ռեպորտաժների մանրամասները ազդում էին նույնիսկ քաղաքական որոշումների վրա: Նախահամացանցային դարաշրջանում «Վրեմյա» հաղորդումն այնքան մեծ հեղինակություն էր վայելում, որ իշխանությունները հաճախ տարբեր իրադարձությունների մասին կարծիք էին ձևավորում երեկոյան լուրերը դիտելուց հետո: Այդպես էր շարունակվում երկար ժամանակ, մինչև լրացավ Նազարյանի 50-ամյակը: Օստանկինոյում համարեցին, որ սա առավելագույն տարիքն է լրագրողի համար, և նրա ժամանակը Առաջին ալիքում սպառվեց...

Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը

Նազարյանն անկեղծորեն հույս ուներ, որ իր իրազեկվածությունը և կապերը պետք կգան պետության շահերին ծառայելու համար, բայց Երևանի պաշտոնական կառույցներից ոչ ոք ոչինչ չառաջարկեց նրան: Որոշ ժամանակ լուրերի ղեկավար աշխատելով տեղի հեռուստաալիքներից մեկում` նա հանրագումարում որոշեց փոխել միջավայրն ու ԱՄՆ մեկնեց, ուր վաղուց էին կանչում բարեկամները:

«Սկզբում շատ էի ուզում անգիր սերտել անգլերենը: Բայց լսարաններում սովորել չհաջողվեց: Թողեցի դասընթացները և մեկնեցի աշխատելու Լաս Վեգաս: Իսկ այնտեղ անընդհատ հաղորդակցվում էի մարդկանց հետ և սկսեցի ազատ խոսել», – պատմում է Նազարյանը:

Բախտախաղի քաղաք Լաս Վեգասը նրա համար դարձավ իրականացած երազանքի քաղաք: Ներկա եղավ իր բոլոր երաժշտական կուռքերի համերգներին: Նազարյանը ծիծաղով է հիշում, որ երիտասարդ տարիներին պատրաստ էր ամեն ինչի՝ արտասահմանյան ձայնապնակների և հնամաշ ամերիկյան ջինսերի համար: Իսկ այսօր նա ինքն է ամերիկացի: Բայց ոչ տիպիկ:

«Շարքային ամերիկացին ճիշտ Զադորնովի նկարագրած կերպարն է: Նրանք լավագույնն են ամեն ինչում և մոլորակից առաջ են վազում, բայց ինձ դժվար է նրանց հետ շփվել: Մենք ինտելեկտուալ տարբեր կատեգորիաներից ենք», – պարզաբանում է Նազարյանը:

Ի՞նչ հարցեր են տալիս ամերիկահայերը հայաստանցիներին

Մասնագիտական կարիերան ավարտելուց հետո նա այլևս ռեպորտաժներ չի պատրաստում: Այսօր կտավներ է ստեղծում: Թաքնված տաղանդը բացահայտվեց պատահական իրադարձությունների բերմամբ: Նոր պայմաններին հարմարվելու համար էմիգրանտներին առաջարկվում է անվճար ուսուցում անցնել տարբեր ուղղություններով:

«Ես, չգիտես ինչու, ընտրեցի նկարչությունն ու խեցեգործությունը: Ինքս արդեն չեմ հիշում, թե ինչու, ավելի շուտ ինտուիտիվ և մի քանի դաս հետո հասկացա, որ ինձ դա շատ է դուր գալիս» – պատմում է Նազարյանը:

Նա ոգեշնչված ասում է, թե ինչպես է ստեղծագործում ածխով և յուղաներկով, ջերմությամբ խոսում է իր չինացի ուսուցչուհու մասին: Նրա շնորհիվ ինքը իսկական բրուտագործական դուրգի (անիվ) վրա այժմ սեփական ձեռքերով խեցեղեն է պատրաստում:

«Երևան, որդուս ուղարկեցի խաշի համար անհրաժեշտ սպասքի ամբողջ հավաքածու: Խորը ափսե՝ նրա անունով, «բարի լույս» օրիգինալ ըմպանակը, սխտորի և թթվի համար նախատեսված պնակները՝ համապատասխան նախշազարդերով և սիմվոլիկայով: Նրան հյուր գնա, երբ խաշի սեզոնը բացվի, կտեսնես», – խորհուրդ է տալիս Նազարյանը:

Իսկ ինձ` որպես հուշ, նա երեք հայկական բնապատկեր նվիրեց: Վենտուրայում նրա արհեստանոցի պատուհաններից երևում է Խաղաղ օվկիանոսը, այսինքն կտավների վրա պատկերված սրածայր վանքերն ու լեռները Ամերիկայում ապրող նկարչի երևակայության արգասիքն են: Նրա հայկական երազանքը:

Մեր լրագրողական միջավայրում Վլադիմիր Նազարյանին բոլորն Վովա էին ասում: Նա կարոտում է Երևանը: Ասում է, որ լավ ժամանակներ էին, և նա անպայման կփորձի վերադառնալ, ընդմի՛շտ: Այդժամ Վովայի կյանքում նոր ժամանակ կսկսվի: Իսկ մինչ այդ սպասենք` երբ է գալու խաշի սեզոնը: