ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստն էլ, ինչպես երեկ, բավական լարված մթնոլորտում է ընթանում։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ուզում է առարկություն ներկայացնել, սակայն գործով դատավոր Արմեն Դանիելյանը նշում է, որ նրան հետո ժամանակ կտա։
«Նստեք ու լռեք։ Ինձ հետ միաժամանակ մի խոսեք։ Ես ձեզ հետո ձայնի իրավունք կտամ»,–ասաց դատավորը։
Խուդոյանը հակադարձեց դատավորին, որ եթե հիմա իր առարկությունը ներկայացնի, դատական նիստի ընթացը կարող է փոխվել, սակայն դատավորը, միևնույն է, հորդորեց պաշտպանին լռել ու նստել։ Դատական նիստի ժամանակ պարբերաբար դատավորը պահանջում է լռություն պահպանել` ասելով, որ հակառակ դեպքում դատական նիստերի դահլիճից դուրս կհրավիրվեն իր հետ միաժամանակ խոսողները։
Դատական նիստը դեռ շարունակվում է։
Հիշեցնենք, որ երեկ նույն իրավիճակն էր տիրում դատարանում, ինչի համար էլ այսօր Քոչարյանի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։ Դատավորը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։
Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։