Ալո՜, Գծանշում, ինչո՞ւ գիծ չես հուշում, այդքան արագ մաշվում, վարորդին ես «քաշում»…

Վարորդներից շատերն ու աչալուրջ հետիոտները նկատած կլինեն, որ վերջին շրջանում առանձին փողոցներում ընթանում են ասֆալտե ծածկույթի վերանորոգման աշխատանքներ: Նկատած կլինեք, որ դրանից հետո նաև ճանապարհային գծանշումներն են թարմացվում: Սակայն, ընդհանուր առմամբ, բողոքները քիչ չեն, թե՛ ճանապարհների ու փողոցների վիճակից, թե՛ գծանշման:
Sputnik

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա
Ծանոթ վարորդների շրջանում անցկացված էքսպրես «հարցումը», պարզ ասած՝ հարցուփորձը ցույց տվեց, որ ճանապարհային գծանշման առումով, առնվազն մայրաքաղաքում վիճակը լուրջ է: Ճիշտ է, իսկապես անցած մեկ ամսվա ընթացքում որոշ տեղաշարժ այս ուղղությամբ կա, բայց դա իրավիճակի արմատական փոփոխության չի հանգեցրել դեռևս: Որոշեցինք գնալ բողոքների հետքերով:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արկադի Ավագյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մասնավորապես նկատեց. «Ամեն տարի գծանշումը թարմացվում է, այս տարի ևս կկատարվի և արվում է: Հիմա, քանի որ ասֆալտապատման և ճաքալցման հետ կապված աշխատանքների գործընթացները կատարվում են, մենք չենք կարող գծանշումներն անել: Իսկ այն փողոցները, որոնց ասֆալտապատման աշխատանքներն արվել են, նաև գծանշում ենք»:

Ավագյան. «Ամեն տարի գծանշումները թարմացվում են, և այս պահին էլ են կատարվում

Մեր զրուցակիցը բացատրեց, որ չեն կարող դեռ չնորոգված փողոցներում գծանշումներ անել կամ ջնջված-կիսաջնջվածները թարմացնել, ապա նույն աշխատանքներն անխուսափելիորեն կրկնել նորոգումից հետո:

Մի խոսքով, մոտեցումը պարզ է և հանգում է նրան, որ երբ քաղաքային իշխանության պատվիրած ճանապարհավերանորոգման աշխատանքները որևէ հատվածում ավարտվում են, դրանից հետո անհրաժեշտ գծանշումներն արվում են:

Փոխգնդապետ Ավագյանը վստահեցրեց, որ հենց այս օրերին էլ այդ աշխատանքները կատարվում են:

Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր խնդիրներ: Բանն այն է, որ գծանշման համար գործածվող ներկերը արագ ջնջվում են ճանապարհի ծածկույթից, ինչը հասկանալի է, բարդություններ է հարուցում ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված: Կարճ ասած, վարորդները հաճախ գծանշման հետ կապված խնդիրների են բախվում, ցավոք, ոչ միայն խնդիրների, այլև, լինում է, որ բախվում միմյանց, հասկանալի է՝ մեքենաներով: Ու դա արդեն իսկապես տխուր է:

Հայաստա՞ն, թե՞ Տոկոսիտակի. ինչպես են «քցում» հայրենակիցներին

Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ խնդիրն ընդգծեց նաև «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը, հաստատելով, որ պրոբլեմ, իրոք, կա և վարորդները իրենց կազմակերպությանը հաճախ են դիմում դրա հետ կապված:

Երևանում փողոցային գծանշման առումով առկա վիճակը Տիգրան Քեյանը գնահատեց մեկ բառով՝ ահավոր: Եվ ահա թե՝ ինչու. «Անորակ ներկերով են արվում գծանշումները: Շատ շուտ է մաշվում է, մինչև հաջորդ տարի չի թարմացվում, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում վարորդների համար: Մեկ-երկու ամիս է նոր գծանշումը դիմանում»:

Օրինակ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հետիոտնային անցումները նորմալ չեն երևում, հոծ գծերը չեն երևում կամ ջնջվում են: Իսկ այդ դեպքում, արդեն մեր կողմից նկատենք, երթևեկության հանդիպակաց գոտին դառնում է պայմանական կամ մոտավոր, աչքաչափով որոշվող մի բան: Մինչդեռ ճանապարհային երթևեկությունը, ինչպես կանոնավորման ենթակա ցանկացած բան, չի հանդուրժում ու չի ներում մոտավորապեսություն ասվածը:

Սփյուռքի հանձնակատար՝ նախարարի փոխարեն. մնում է տեսնել` կլինե՞ն գործեր կենացների փոխարեն

Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում գծանշման խնդրի լուծումը, «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը սպասելի, բայց տեղին դիտարկումներով պատասխանեց. «Պետք է անցնել միջազգային չափանիշներին համապատասխանող գծանշումների: Այսինքն՝ պետք է մոռանալ ներկերով գծանշումների մասին: Պետք է ռետինային հատուկ նյութերով գծնաշման տարբերակով դա արվի»:

Դժվար է չհամաձայնել, մանավանդ, որ այդ գծանշման տարբերակը թեպետ թանկարժեք է, բայց ավելի դիմացկուն ու երկարաժամկետ: Իսկ թանկից էժանը չկա:

Բայց ըստ մեր զրուցակցի, խնդիրներից մեկն էլ այն է, որ համալիր ճանապարհանորոգում ու ասֆալտապատում մեզանում չի կատարվում: Սովորաբար միայն նորոգման, այսպես ասենք՝ ճանապարհակարկատման աշխատանքներ են, իսկ այդ պայմաններում գործածել թանկարժեք գծանշման նյութերն անիմաստ է:

Հարցն, իհարկե, նոր չէ: Ու գծանշման որակի մասին էլ առաջին անգամ չէ խոսվում: Տարիներ շարունակ նույն, սակայն, կարելի է ասել՝ մշտական թեմա է:

Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

«Այսօր ավելի շատ վատ վիճակում են ոչ թե գծանշումները, այլ ճանապարհները: Եվ առաջնայինը հենց ճանապարհների վիճակի հարցն է: Նման պայմաններում գծանշումները երկրորդային խնդիր են: Բայց իրենց խոստումը որոշ չափով պահել են, մայիսից տեսնում ենք, որ վերանորոգման որոշակի աշխատանքներ կատարվում են, որից հետո գծանշումներին կանցնեն»,-ասում է Տիգրան Քեյանը:

Մյուս կողմից, խնդիր է նաև այն, որ քաղաքային իշխանությունը պետք է ձգտի գտնել ճանապարհանորոգման աշխատանքների կազմակերպման գործընթացն արագացնելու լուծումներ: Չարաշահումներից, անցյալի արատավոր սխեմաներից զերծ մնալու ցանկությունն, իհարկե, գնահատելի է: Սակայն ժամանակը չի սպասում, առավել ևս, որ ճանապարհանորոգման աշխատանքներ կատարելու եղանակային ժամանակահատվածը սահմանափակ է:

Եվ վերջում. ամեն դեպքում արժե ավանդական գծանշման համար գործածվող ներկերի որակը բարելավելու մասին էլ մտածել: Դե, թեկուզ այն մոտեցմամբ, որ դրանք գոնե մեկ տարի դիմանան, այլ ոչ թե, պատկերավոր ասված՝ հալչեն, մաշվեն, գնան և դառնան բազմաթիվ վարորդների նյարդաքայքայման պատճառ: