Դատարանը սխալ է թույլ տվել. դատախազը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Դատախազ Պետրոս Պետրոսյանը բողոք ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի— Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2019–ի մայիսի 18–ի որոշմամբ, դատարանը դատական սխալ է թույլ տվել։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանում կայացած դատական նիստի ժամանակ այս մասին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

«Փոխելով Քոչարյանի խափանման միջոցը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավարական իրավունքի այնպիսի խախտում է թույլ տվել, որն ազդել է գործի ընթացքի վրա։ Ուստի պահանջում ենք դատարանի այդ որոշումը բեկանել`կայացնելով նոր դատական ակտ ու Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»,–ասաց դատախազը` այդպիսով բողոք ներկայացնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վերոհիշյալ որոշման դեմ։

Քոչարյանը, ինչպես հայտնել էին պաշտպանները, ներկա չէ դատական նիստին, քանի որ նպատակահարմար չի գտնում դրան մասնակցել։

Նստեք ու լռեք, միաժամանակ մի խոսեք. Քոչարյանի գործով նիստը բավական լարված է անցնում

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։