ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տրամադրված է լրջորեն աշխատել տարբեր երկրների հայ համայնքների հետ, հատկապես Ռուսաստանի։ Այդ մասին Սինանյանը ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցի ընթացքում։
Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում և սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է այդ պաշտոնում։
Թեև Կալիֆոռնիայում, որտեղից եկել է Սինանյանը, կողք կողքի ապրում են տարբեր երկրներից գնացած հայեր, այնուամենայնիվ, ինչպես խոստովանեց հանձնակատարը, նա չի կարող ասել, որ ընդհանուր առմամբ ծանոթ է հայկական սփյուռքին։ Սինանյանը գլխավոր հանձնակատարի պաշտոնում իր գործունեության գերակայությունն է համարում հենց տարբեր համայնքների հետ ծանոթանալը, սփյուռքի կարիքները հասկանալը և տարաբնույթ խնդիրները լուծելը։
«Ես ծանոթ չեմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի և այլ երկրների հայ համայնքների հետ։ Ես գիտակցում եմ այդ փաստը, պատրաստ եմ աշխատել և լրացնել բացը առավելագույն սեղմ ժամկետներում», – նշեց Սինանյանը։
Հանձնակատարի խոսքով` այդ նպատակին հասնելու համար նրա գրասենյակը օրուգիշեր կաշխատի, նա առավելագույն ջանքեր կգործադրի։ Առաջին քայլերի թվում Սինանյանն անվանել է Ռուսաստան այցելելը և այդ երկրի տարբեր շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելը։
Ի դեպ, ինչպես նշեց հանձնակատարը, նա ռուսերեն գիտի, ինչը կօգնի շփվել Ռուսաստանում ապրող հայրենակիցների հետ` առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար։
«Դա բարդ խնդիր է, բայց Հայաստանի և սփյուռքի հետ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը չի կարելի չօգտագործել։ Ամենալուրջ և ծավալուն աշխատանքը կտարվի հենց Ռուսաստանի սփյուռքի հետ», – նշեց Սինանյանը։
Նշենք, որ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի զբաղեցնի սփյուռքի գործով գլխավոր հանձնակատարի պաշտոնը։ Նա 2019թ–ի մայիսի 30–ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։