Զինծառայողը վնասվածք է ստացել աչքի շրջանում. ձերբակալվել է ծառայակիցը. նոր մանրամասներ

Արցախի զորամասերից մեկում զինվորների միջև վիճաբանություն է եղել, որից հետո կրակոց է հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Գալստյանի դեպքի առնչությամբ ձերբակալվել է նրա ծառայակիցը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել. ո՞վ է կրակողը

Ինչպես արդեն հայտնել էինք, դեպքը տեղի էր ունեցել Արցախում։ Ըստ տեղեկությունների` Ասկերանի պահպանության տեղամասում զինվորների միջև վիճաբանություն է եղել, ու հետո կրակոցներ են հնչել։

«Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,–հայտնեց Հարությունյանը։

Համլետ Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com–ի` զինծառայողի վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։