Լրագրող Անուշ Էլբակյանը երրորդ անգամ արժանացել է Emmy Award-ի

Տաղանդավոր հոր տաղանդավոր դուստրը չի իջեցնում նշաձողը, այլ միայն կատարելագործում է` հասնելով նորանոր բարձունքների իր մասնագիտական կարիերայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայտնի մշակութային գործիչ, դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը` ամերիկացի պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը երրորդ անգամ արժանացել է Emmy Award ամերիկյան հեռուստատեսային ինդուստրիայի բարձր պարգևին:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Անուշ Էլբակյանի հայրը՝ Արթուր Էլբակյանը:

«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» - Emmy Award բարձրագույն մրցանակին։ Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը», – գրել է նա  Facebook–յան իր էջում` մաղթելով, որ հայերը հնարավորինս հաճախ հաղթանակների հասնեն։

Անուշ Էլբակյանը ներկայացնում է ամերիկյան Boston Globe պարբերականը, որտեղ աշխատում է որպես լրագրող և պրոդյուսեր: Ավելի վաղ նա իր թիմի հետ Պուլիցերյան մրցանակ էր ստացել` ահաբեկչական հարձակումների լուսաբանման համար:

2016 թվականին նա արժանացավ «Էմմի» մրցանակի «Մեկ օր Լեոյի կյանքից» (A Day in Life of Leo) ֆիլմի համար: Էլբակյանը նաև արժանացել է Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի` որպես «Հրատապ լուրերի լավագույն մեկնաբան»: