Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Հայաստանում ակումբային ֆուտբոլի «բում» է սկսվել: Գուցե չափազանցված է, բայց շա՜տ քիչ: Ամեն դեպքում այնպես չէ, թե գնդակը դարպասաձողից հետ է մղվել, իսկ մենք ասում ենք՝ «գո՜լ»: Չէ: Փաստն այն է, որ միայն վերջին շրջանում հայտարարվեց մի քանի նոր ֆուտբոլային ակումբների ստեղծման և առաջին խմբի մրցաշարի պայքարի մեջ մտնելու մասին:
Sputnik

Այո, ֆուտբոլային թիմերը հիմա Հայաստանում աճում են, ինչպես սնկերն անձրևից հետո: Ճիշտ է` աճը դեռևս թվաբանական է, բայց քանակը կարող է խաղամակարդակի որակ էլ բերել: Իսկ մինչ այդ պետք են քիչ թե շատ որակյալ խաղադաշտեր, ավելի ամփոփ ասած՝ ստադիոններ, այսինքն, նաև երկրպագուների, հանդիսատեսների համար նորմալ, ժամանակակից նվազագույն պահանջներին համապատասխանող մարզադաշտեր: Ամենակարևորը՝ մարզերում:

«Անին» իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը

Հաճախ ենք ասել, որ Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու համար հարկավոր է սկսել մարզերից: Հիմա առաջին խմբի հանդիպումներն անցկացվելու են Չարենցավանում, Դիլիջանում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Աշտարակում: Այս քաղաքներում մարզադաշտեր կան, և դրանք հիմնած ակումբերն արդեն սկսել են վերանորոգել: Պատկերացրեք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում կարելի է ոչ թե հիմնել, այլ վերանորոգել եղածը և ունենալ ֆինանսական ներհոսքի հնարավորություններ:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հաջորդ տարվանից հանդես կգան տասը թիմ, իսկ առաջին խմբում ձևավորվում է մրցաշար, որի նախադեպը չենք ունեցել, քանի որ մեկը մյուսի հետևից հիմնադրվեցին նոր ակումբներ:

Սա, անկասկած, Հայաստանում ֆուտբոլի զարգացման նոր ճանապարհ է, բայց ի՞նչ խնդիրներ է բերելու հաջորդ մրցաշրջանը հայկական ակումբային ֆուտբոլին:

Առաջին հերթին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը մարզադաշտերի հետ կապված գլուխկոտրուկն է լուծելու: Ներկա պահին բարձրագույն խմբում հանդես եկող թիմերից միայն «Ալաշկերտը», «Բանանցը» ,«Փյունիկը» և «Շիրակը» ունեն սեփական մարզադաշտեր: «Լոռու» մարզադաշտը վերանորոգվում է: Մյուսները սեփական մարզադաշտ չունեն:

Ովքե՞ր են նրանք. Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնելու են 37 մարզիկ

Պարզ է, որ միշտ խաղեր անցկացնելու համար օգտագործվում է «Հանրապետական» մարզադաշտի ռեսուրսը, բայց խաղացանկ կազմողների համար յուրաքանչյուր տուրը ձևավորելը գլխացավանք է դառնում:

Բայց չէ՞ որ Հայաստանում կան մարզադաշտեր, որտեղ ժամանակին անցկացվել են ֆուտբոլային հանդիպումներ: Սակայն հետո այդ տարածքները մոռացության են մատնվել: Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում ֆուտբոլի ակադեմիա հիմնելուց հետո այստեղ ֆուտբոլային հանդիպումներ անցկացվել են: Բայց ֆուտբոլը երկրպագուներ է «պահանջում» խաղի ընթացքում, իսկ տրիբունաներ շատ մարզադաշտերում չկան:

Վաղարշապատի (Էջմիածնի) ֆուտբոլային խաղադաշտը վերածվել է ամայի տարածքի: Կա տրիբունա, կան դարպասներ, կա մարզադաշտը, բայց ընդհանուր պատկերին նայելով պարզ է դառնում, որ ֆուտբոլ այդ խաղադաշտում ժամանակին խաղացել են, այլ ոչ թե հիմա կարող են խաղալ:

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Մեր տեղեկությունների համաձայն` Էջմիածնի խաղադաշտի տարածքը պատկանում է Մայր Աթոռին: Բայց եթե ֆուտբոլային այս տարածքը խելքի բերելու ու հանդիպումներ անցկացնելու ցանկություն լինի, ապա կա նաև վարձավճարի տարբերակը:

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Արտաշատում էլ կա շատ լավ հնարավորություն՝ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար: Քաղաքի ստադիոնում Երևանի «Արարատը» ժամանակին ԽՍՀՄ առաջնության կամ գավաթի խաղարկության հանդիպումներ էր անցկացնում: Արտաշատում եղել է թիմ՝ «Դվինը», ու անցկացվել են Հայաստանի առաջնության խաղեր: Բայց հիմա թիմն էլ չկա, մարզադաշտն էլ կորցրել է իր իրական հնարավորությունները:

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Արմավիրում «Հոբելյանական» մարզադաշտը ֆուտբոլային ակադեմիա դարձնելու նպատակով սկսեցին վերակառուցել: Այստեղ արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարվել, բայց հիմա շինարարական աշխատանքները դադարեցվել են, ու դեռ հարց է՝ երբ կվերսկսվեն:

Կապանում մինչև օրս չի պարզվում, թե երբ է ստադիոնը հյուրընկալելու իր թիմի խաղերը: Խաղադաշտի սեփականատիրոջ ու «Գանձասար-Կապան» թիմի միջև բանակցությունները չգիտենք էլ՝ շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց փաստ է, որ Կապանի թիմն իր հարկի տակ նախատեսված հանդիպումներն անցկացնում է Երևանում:

Պետք է հասկանալ մի բան. ֆուտբոլը, անկասկած, բացի խաղ լինելուց, նաև բիզնես է: Ընդունում ենք, որ այս տեսակի բիզնեսում շահույթ ապահովելու համար պետք է շատ մտածել ու գործել: Բայց այդ բիզնեսին ընթացք տալու համար առաջին հերթին պետք է մարզադաշտ: Իսկ սեփական մարզադաշտն ունի նաև հանրային նշանակություն:

Չէ՞ որ յուրաքանչյուր մարզադաշտ ունենալու է իր սպասարկող անձնակազմը, ինչը նշանակում է նոր աշխատատեղերի բացում: Բացի այդ, խաղադաշտերը վարձավճարով այլ թիմերին տրամադրելն էլ գումար կբերի: Երկրպագուների համար կստեղծվի ևս մեկ օջախ, որտեղ մարդիկ կկարողանան հետևել իրենց սիրելի թիմերի խաղին: Դրական բոլոր գործոնները թվարկելն առանձին ու ծավալուն թեմա է: Էլ չենք ասում, որ հնարավորության դեպքում մարզադաշտերի հարևանությամբ կարելի է ձևավորել ակտիվ ու մարզական հանգստի հանրային գոտիներ: Անվճար կամ խորհրդանշական վճարով: Նաև այդպես է պետք պայքարել առողջ կենսակերպի համար ու, ասենք, ծխելու դեմ, ի դեպ: