Եվրոպական Միությունը ՀՀ նոր կառավարության հետ գերազանց հարաբերությունների մեջ է.Սվիտալսկի

Սվիտալսկին հաստատեց, որ Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխման նպատակով հավելյալ 25 մլն եվրո են տրամադրել` նշելով, որ դա քաղաքական որոշում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եվրոպական միությունն առաջիկայում 13 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր է իրականացնելու Հայաստանում` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: ՀՀ  կառավարությունն  արդեն հաստատել է այս ծրագիրը:  Այս մասին այսօր Աշոցքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր  ամիսներին արդեն կկարողանանք սկսել այդ ծրագիրը, որը միտված է զբոսաշրջության խթանմանը»,- նշեց դեսպանը։

Եվրամիությունը Հայաստանին հարցեր չունի. Փաշինյան

Եվրամիությունը ՀՀ  կառավարության հետ քննարկում է նաև տեղական համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու  է ՀՀ -ԵՄ 2019 թվականի  գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ ՀՀ կառավարության հետ դեռ քննարկումների փուլում ենք, բայց ուզում ենք գումարն  ուղղորդել համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին»:

Անդրադառնալով Հայաստանին  դատաիրավական համակարգի  բարեփոխման նպատակով հավելյալ 25 մլն եվրո տրամադրելու փաստին՝ դեսպանը նշեց. «Այո՛, Հայաստանը ստացել է 25 մլն եվրո: Դա  քաղաքական որոշում է, որովհետև  արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած  ժողովրդավարական փոփոխությունների՝  Եվրամիության կողմից դրական գնահատականը: Այժմ ձեր կառավարության հետ քննարկում ենք, թե  ուր ուղղորդել այդ գումարը, և դա պետք է շատ արագ որոշենք, քանի որ դա հրատապ  գումար է՝  արագ պետք այդ 25 մլն հատկացվի ինչ- որ նպատակների: Սպասում ենք, որ կառավարությունը ներկայացնի համապարփակ և հստակ ծրագիր»:

Եվրոպական Միությունը ՀՀ նոր կառավարության հետ գերազանց հարաբերությունների մեջ է.Սվիտալսկի

Խոսելով Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության  մասին` դեսպանը  վստահեցրեց, որ  այս կառավարության հետ ունեն գերազանց հարաբերություններ. «Մենք բավարարված ենք, թե ՀՀ կառավարությունն ինչպես է առաջ  շարժվում մեր միասնական օրակարգով»:

Հավելենք, որ  հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝  դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ,  Էյ ԹԻ Փի բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Աշոցքում՝ դահուկայի սպորտի  կենտրոնում,  հիմնեց ծառերի Եվրոպական պուրակ: