ՌԱԴԻՈ

Սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի տարբերությունը. Արեգ Թադևոսյանը փակագծեր է բացում

Համայնքային խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա, դրանից մեկը սոցիալական ձեռնարկատիրությունն է։ Ի՞նչ է սա և ինչպե՞ս է լուծում համայնքային խնդիրները։ Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում այս հարցերի պատասխանն է տալիս Արեգ Թադևոսյանը:
Sputnik

Կրթության և սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ Արեգ Թադևոսյանը նշում է, որ սոցիալական ձեռնարկատիրությունը, բիզնես մոդելներ կառուցելու, բիզնես հիմնելու հնարավորություն է տալիս և սոցիալական խնդիրը լուծում է աշխատանքով:

Կովերը կշատանան Հայաստանում. կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի գյուղացիներին

«Բացի դրանից, պարտականություն է դրվում, որ իր շահույթի մեծ մասը՝ 50+n տոկոսը, պատրաստ է նորից տալ համայնքային խնդիրների լուծմանը»,– ասում է նա:

Սոցիալական ձեռնարկատիրությունը գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը բավական հետաքրքիր հայեցակարգ է, որը հնարավորություն է տալու մեզ ահագին խնդիրներ լուծել, որոնք պետությունը կամ միջազգային դոնորական համայնքն այլևս չեն կարողանում լուծել: Թե պետության համար, թե միջազգային հանրության համար շատ լավ տարբերակ է սա, և այդ պատճառով բոլորը շատ հետաքրքրված են, մեծ աջակցություն ու հետաքրքրություն կա», -ասում է Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ հասարակ բիզնեսը խնդիր ունի քիչ ծախսերով շատ շահույթ ստանալ և կարող է իր շահույթի մի մասն օգտագործել բարի նպատակներով, իսկ այստեղ բիզնեսը հիմնադրվում է հենց սոցիալական խնդիր լուծելու համար:

«Այսօր մենք մի քանի խնդիր ունենք. առաջին՝ ձեռնարկատիրական կրթության և սոցիալական ձեռնարկատիրության մասին իմացության, և երկրորդ՝ մարդը այս ոլորտում գործունեություն ծավալելիս պետք է հասկանա` իսկապես ուզո՞ւմ է սոցիալական ձեռնարկատիրություն, քանի որ դա ծանր ու տքնաջան աշխատանք է: Նա աշխատելու է ծանր խնդիրների հետ և իր աշխատած գումարի մեծ մասը տալու է համայնքին: Մարդը պետք է համոզված լինի, որ իր համար սոցիալական կարիքի լուծումն իսկապես առաջնահերթություն է»,- ասում է սոցիալական ձեռնարկատիրության փորձագետը:

Հունիսի 14-ին Երևանում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» խորագրով համաժողով։ Կազմակերպիչները մի հարկի տակ են հավաքել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կառույցներին, փորձագետներին և ոլորտը համակարգող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: