Կարևոր է սեր տալ ու սեր վերցնել. դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նշում է ծննդյան 42–ամյակը

Դերասանուհին իր ծննդյան անակնկալների, դստեր նամակի, անցած ճանապարհի, երջանկության ու բումերանգի էֆեկտի մասին է պատմել Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Սիրված և ճանաչված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այսօր իր առաջին շնորհավորանքները ստացել է ընտանիքի անդամներից։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ընտանիքիս անդամներն առաջինը շնորհավորեցին։ Չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչ նվերներ եմ ստացել։ Միայն կասեմ, որ ես ինձ երջանիկ եմ համարում։ Ավանդույթ է դարձել կեսգիշերին ընկերներիս մուտքը մեր տուն։ Այս անգամ էլ հրավառություն էին կազմակերպել, փուչիկներ ու քաղցրավենիք էին բերել։ Հետո զանգեր, նամակներ, շնորհավորանքներ»,– ասաց նա։

Դուստրը՝ Գաբրիելան, բացի նվերից, թվով 10-րդ նամակն է հանձնել մորը։

«Նա, սկսած 4 տարեկանից, իմ ծննդյան օրն ինձ նամակներ է գրում։ Դա ինձ համար լավագույն նվերն է, երբ զգում ես, որ քեզնից ծնված մարդուկն այդչափ գնահատել գիտի»,– ասաց դերասանուհին։

Քանի որ թատրոնը Լուիզա Ղամբարյանի տունն է, նա այսօր էլ խաղալու է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում (Վիլյամ Շեքսպիր «Հուլիոս կեսար» ներկայացման դերակատարներից է)։

«Երբ դու ունես սիրած աշխատանք, չես էլ զգում, թե քանի տարեկան ես։ Ես 18 տարի առաջ էլ էի թատրոնում խաղում, հիմա էլ եմ խաղում։ Շուրջս իմ սիրելի, հավատարիմ հանդիսատեսն է»,– ասաց նա։

Դերասանուհին վերհիշեց, թե ինչ հրաշալի էին անցնում մանուկ ժամանակ իր ծննդյան տոները։

«Հիշում եմ, թե ինչպես էր մայրս ամեն տարի իմ ծննդյան օրը «Շախմատ» տորթ թխում, ու գնում էինք Սևան․ ուտում էինք, խմում էինք, իսկ երբ հերթը հասնում էր ձմերուկին, ջուրը տարած էր լինում»,– ասում է նա։

Դերասանուհին դեռ զարմանում է` ախր պատանեկան տարիքում երբեք չէր էլ մտածի, որ որպես դերասանուհի այսքան երկար ճանապարհ է անցնելու. փոքր տարիքում միշտ նմանակել է ուրիշներին, բայց երբեք չի պատկերացրել, որ մի օր ինքն էլ դերասանուհի կդառնա։

«Իմ դպրոցական տարիներին, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես ունեի հստակ մասնագիտությունների շարան՝ բժշկից մինչև հնէաբան։ Իսկ ավագ դասարանում արդեն մտածում էի օտար լեզուների մասնագետ դառնալու մասին»,– ասաց դերասանուհին։

Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը

Հետո նա պատմեց, թե ինչպես է պատահաբար հայտնվել բեմում։

«9-րդ դասարանում էի, երբ հեռուստատեսության վազող տողով կարդացի հայտարարություն, որ կայանալու է հաղորդավարուհիների մրցույթ, բնականաբար մասնակցեցի մրցույթին, հաղթեցի և սկսեցի վարել մի հաղորդում, որը կոչվում էր «Ես»։ Հաղորդման շրջանակում մի օր եկանք Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ նյութ պատրաստելու։ Ի դեպ, մայրս էր ինձ հուշել, որ կարող ենք գնալ թատրոն , քանի որ 28-րդ թատերաշրջանի բացումն էր։ Նա այդ ժամանակ աշխատում էր Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սպասարկման անձնակազմում ։ Եկանք թատրոն, նկարահանեցինք ներկայացումից մի հատված, հարցազրույց վերցրինք նաև թատրոնի գլխավոր ռեժիսոր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանից։ Մի քանի ամիս անց արդեն տոնածառային ներկայացման փորձերն էին անցկացվում, և այն դերասանուհին, որ պետք է մարմնավորեր արքայադստեր կերպարը, չէր կարող ներկայանալ, և Արմեն Խանդիկյանից ես առաջարկ ստացա արքայադստեր կերպարում ներկայանալու համար»,– պատմեց դերասանուհին։

Նրա առաջին հանդիսատեսը եղել են երեխաները։ Համոզված է` եթե մարդ կարողանում է համոզիչ ներկայանալ երեխաներին, ապա կստացվի նաև մեծերի հետ։

Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախո՞ւմ. երգչուհին լուսանկար է հրապարակել

«Այդպես էլ սկսվեց իմ մեծ ճանապարհը»,– ասաց նա։

Լուիզան խոսեց նաև երջանկության մասին` նշելով, որ դա հարաբերական հասկացություն է։

«Այժմ, երբ ես բոլորեցի 42 տարեկանը, գիտեմ, որ երջանկություն է, երբ դու հաշտ ես ինքդ քեզ հետ։ Երբ հասկանում ես` ինչ ես կյանքից ուզում, որովհետև շատ կարևոր է այդ գիտակցումը։ Կան մարդիկ, որոնք մինչև վերջ էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում կյանքից, ինչի համար ապրեցին, ում համար ապրեցին. անձնականից մինչև մասնագիտական հարթություն փնտրում են ու չեն գտնում։ Երբ դու գիտես, թե ինչ է քեզ պետք, հասկանում ես, որ էլ ոչ մեկի հետ խաղալ չարժի։ Կարևոր է սեր տալ ու սեր վերցնել, որովհետև աշխարհում ամենահզոր բանը դա բումերանգի էֆեկտն է։ Եթե տաս լավը, կստանաս լավը, տաս վատը, կստանաս վատը»,– ասաց նա։

Լուիզան իրեն երջանիկ կին է համարում ու վստահորեն նշում, որ կենսաբանական տարիքն իր համար նշանակություն չունի։