ԵՐԵՎԱՆ, 15, հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, և այս ամենն իրականում խոր արմատներ ունի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ մայիսի 20-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը:
«Իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն»,-գրում է թերթը՝ հավելելով, որ մինչ այդ ասվել է, թե լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան:
Մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։
Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։