ՌԱԴԻՈ

Շտապօգնության աշխատակիցներն էլ ներառվեցին, մնացին լրագրողները

Երևան քաղաքի շտապօգնության ծառայության շուրջ 560 աշխատակցի և մարզերի 50 աշխատակցի սոցիալական փաթեթ կտրամադրվի: Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում այս որոշման մանրամասները ներկայացրել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը:
Sputnik

Սովորաբար սոցփաթեթի շահառուներն օգտվում են 3 բաղադրիչից՝ հիվանդանոցային բուժօգնություն, կանխարգելիչ քննություն և հանգստի իրավունք կամ հիփոթեքի, ուսման մարում: Որոշումը կայացրել է ՀՀ կառավարության մայիսի 30-ին:

«Ծրագիրը սկսվել է վաղուց, սակայն ծրագրում բժիշկների ընդգրկելիությունը սկսվել է դեռևս 2018 թ-ի վերջից: Կառավարության որոշման փոփոխմամբ` առաջնահերթություն տրվեց արտահիվանդանոցային աշխատակիցներին: Խոսքը վերաբերում է 16 հազար շահառուի: Այդ բոլոր շահառուները հունվարին ընդգրկվեցին ծրագրում: Այժմ կարող ենք ասել, որ արտահիվանդանոցային բուժօգնության ողջ ծածկույթը մենք ապահովել ենք»,- ասաց Հայաստան Հակոբյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ում կան պոլիկլինիկաներ, որոնք կազմակերպական առումով մասնավոր բնույթ են կրում: Այս դեպքում խոսքը վերաբերում է 50 և ավելի պետական ու բաժնեմաս ունեցող կազմակերպությունների:

Հակոբյանը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամներին այս ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Մոտ 1 ամիս առաջ շահագրգիռ մարմիններին նախնական հարցում է ուղղվել` ապահովագրական ընկերությունների ռիսկը գնահատելու համար, ապա հունիսի վերջին վարչապետի հանձնարարականով պետք է ամփոփում ներկայացվի, և կհասկացվեն հետագա քայլերը:

Նշենք, որ տարբեր պաշտոնյաների ասուլիսների ժամանակ լրագրողները պարբերաբար ուշադրություն են հրավիրել այն հարցին, որ սոցփաթեթից չեն օգտվում թիրախային երկու խմբերը` լրագրողներն ու բժիշկները։ Շտապօգնության աշխատակիցներն արդեն ներառվեցին, մնացին լրագրողները։