Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

Յուրահատուկ «քաղաք քաղաքի մեջ». Քանաքեռն իսկապես առանձնացված է մայրաքաղաքի այլ հատվածներից։ Ու դա պայմանավորված չէ միայն նրա աշխարհագրական դիրքով. լինելով բլրի վրա, այն ասես սեփական, առանձին պատմությունն ունի, իսկ կենսակերպը հաստատ յուրօրինակ է։ Եթե խոսքը կենտրոնական Եվրոպայի մասին լիներ, Քանաքեռը հանգիստ կարող էր փոքրիկ անկախ իշխանություն լիներ կամ դքսություն։
Sputnik

Յուրաքանչյուր երևանցու Քանաքեռում ծանոթներ ու ընկերներ են պետք։ Սա զգացի սեփական մաշկի վրա. ներքևում, բլրի տակ գտնվող քաղաքում ասֆալտը հալչում էր ու շնչելու օդ չկար, մտա սցենարիստ Գարեգին Զաքոյանի քանաքեռյան բակն ու հասկացա, որ նույնիսկ երևանյան ամառվա տապին խաղողի վազի տակ կարելի է զով կղզյակներ գտնել։

Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

Գարեգինը բնիկ քանաքեռցի չէ, ծնվել ու մեծացել է կենտրոնում, բայց իր համար այստեղ տուն է  կառուցել ու լավ գիտի այստեղի պատմությունն ու տեսարժան վայրերը։ Ու երբ էլ պատրաստվես չուզելով տուն գնալուն, նա բարեսրտորեն կասի. «Ու՞ր ես գնում։ Այստեղից ավելի  լավ տեղ գիտե՞ս»։ Իհարկե՝ չգիտես, բայց գնալ պետք է։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Այստեղից, այս բլրից Խաչատուր Աբովյանը գնացել ու էլ չի վերադարձել։ Այստեղ, այս բլրի վրա, հեռավոր 1627 թվականին ծնվել է պատմաբան Զաքարիա Քանաքեռցին, որը գրում էր իր աշխատությունները արտահայտիչ, ժողովրդականին մոտ լեզվով։ Նույնիսկ Ղևոնդ Ալիշանը, որը ծնվել էր Կոստանդնուպոլսում, ապրել էր Փարիզում ու Վենետիկում, հետաքրքրված էր «Քանաքեռ» անվան ծագմամբ ու մի քանի օրիգինալ վարկած է առաջ քաշել։

Բլրի հյուսիսային հատվածում սրբատաշ քարից շարված պատեր են հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ դա երբեմնի գոյություն ունեցած բերդի պատեր են։ Ենթադրվում է, որ բերդը կառուցել է տեղացի Քանան իշխանը։ Իսկ ամենահին ու մեր օրերը հասած հուշարձանը Պետևանի խաչքար-մահարձանն է, որի վրա 1265 թվականի գրություն կա։

1679 թվականին սարսափելի ուժգնության երկրաշարժը ցնցել է Երևանը, բազում տներ ու կառույցներ են քանդվել, այդ թվում` նաև Քանաքեռում։ Իսկ ահա Պետևանի խաչքարը մնացել է կանգուն` փլատակներով շրջապատված։ Հայերը, ինչպես հաճախ եղել է մեր պատմության մեջ, ստիպված էին վերականգնել տարերքի քանդածը։

Վերականգնեցին։ Ու միանգամից սկսեցին եկեղեցիներ կառուցել։

Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

1695 թվականին արդեն երկու եկեղեցիները պատրաստ էին` Սուրբ Հակոբն ու Սուրբ Աստվածածինը, որոնք հարևանությամբ էին գտնվում։ Երիզորդը ժամանակավոր վանք էր, որտեղ փոքր եղբայրությունը հոգևորականներ էր պատրաստում մոտակա գյուղերի համար։ Սուրբ Հակոբ վանքն այսօր էլ է գործում, այն հետաքրքիր է ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Միայն գլխավոր մուտքի զարդանախշերն առանձին ուսումնասիրության են արժանի։

Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

Շատ ավելի ուշ` 1916 թվականին, այստեղ ռուսական ուղղափառ եկեղեցու տաճար կառուցվեց։ Այն ժամանակ Քանաքեռում տեղակայված էր Կուբանի կազակների Պոլտավայի գունդը, եկեղեցին նրանց համար էր կառուցվել։ Թեև կազակների գնալուց հետո եկեղեցին չմնաց առանց ծխականների։

Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

1918 թվականին եկեղեցին փակեցին ու շենքը մե՛կ հոսպիտալ էր ծառայում, մե՛կ սպայական ակումբ, այնտեղ նույնիսկ կինոթատրոն է գործել։ 1991 թվականին տաճարը վերադարձվեց ռուս ուղղափառ եկեղեցուն, այն օրհնվեց ու հիմնանորոգվեց, թեև նորոգողները չէին հետևել սկզբնական նախագծին, բայց եկեղեցին գեղեցիկ էր ստացվել։

Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Խորհրդային ժամանակներն իրենց հետ նոր տրամադրություններ բերեցին։ Քանաքեռը նույնիսկ «սեփական» ՋԷԿ–ն ունի, չհաշված շամպայն գինիների ու լիմոնադի գործարանները, կոշիկի ֆաբրիկան ու կղմինդր արտադրող կոմբինատը։

Հետո եղավ ուղղվածությունը դեպի բժշկություն. հիմա այնտեղ են «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և տուբերկուլոզային դիսպանսերը։

Այնտեղ է նաև Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը, որի բակում տեղադրված է նրա արձանը։

Ծնունդով քանաքեռցի էր նաև Կարաբալան։ Ստեփան Հարությունյանին Կարաբալա են անվանել տարիներ անց. նա ծնվել էր ХХ դարի սկզբում տեղացի ամենահարուստ ընտանիքներից մեկում։ Անհաջող ամուսնությունն ու երկու տարի տևած բանտարկումը 1934-1936 թվականներն (իբր թե իշխանությանը վիրավորելու համար) քար էին գցել նրա ճակատագրի վրա, ու նա տասնյակ տարիներ փողոցներում է անցկացրել։

Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

Կիսախելագար Կարաբալան ծաղիկներ էր վաճառում, իսկ ավելի հաճախ` նվիրում էր դրանք իր հավանած կին անցորդներին։ Ասում են, երբ նրան բարկացնում էին, սարսափելի հայհոյում էր, բայց ագրեսիվ չէր, ծեծկռտուքների չէր մասնակցում. այդպես էլ մնացել է երևանցիների հիշողության մեջ որպես կոլորիտային կերպար, որը փողոցում կանանց ծաղիկներ էր նվիրում։

...Քանաքեռում սովորական երևանցիներ են ապրում։ Նրանք չեն խոսում դրա մասին, բայց հնարավոր է` կարծում են, որ իրենց «փոքր հայրենիքը» լավություն է արել Երևանին` մայրաքաղաքին միանալով ու նրա մի մասը դառնալով։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ գեղատեսիլ բլրով թափառելուց, դիքերով վեր ու վար անելուց հետո նույնիսկ մտքովդ չի անցնի վիճել նման ձևակերպման հետ… եթե իհարկե ինչ–որ մեկը ձևակերպի այն։