Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանը լքում այլ մուտքից. դատավորը կճշտի հանգամանքները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը ներկա է նաև Քոչարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Դատավոր Արմեն Դանիելյանը չի շփվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա այս մասին ասաց այսօրվա նիստում։

Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Դատական նիստն անցնում է Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։ Դատարանը քննում է գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:Դատական նիստին ներկա է նաև Քոչարյանը։

Նիստի ժամանակ դատարանին հարց ուղղվեց, թե տեղեկություններ կան, որ Քոչարյանը դատական նիստերի դահլիճը լքում է դատարանի այլ մուտքից, և ինչի՞ հիման վրա է սա արվում, արդյոք սա չի ենթադրում շփում` գործը քննող դատավորի հետ։

Ի պատասխան դատավորը նշեց, որ որևէ շփում չի կարող լինել, չկա նման բան։

«Ինչ վերաբերում է Քոչարյանի` այլ մուտքից դուրս գալուն, ապա այս պահի դրությամբ ինձ դրա մասին որևէ ինֆորմացիա հայտնի չի։ Ես նման հանձնարարություն չեմ տվել, և նա էլ մեզ չի դիմել, որ նման կարգ լինի։ Կճշտեմ հանգամանքները»,–ասաց դատավորը։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հավելեց, որ ՀՀ նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ, համաձայն որի` տեղաշարժվում են անվտանգության ծառայողների աջակցությամբ։

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։