ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik.Հայաստանում 2018 թ-ին, 2017–ի համեմատ, մայրական մահացության դեպքերն ավելացել են 5–ով. եթե 2017–ին գրանցվել է մայրական մահացության 3, ապա 2018–ին նման 8 դեպք է գրանցված եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2017-ին մայրական մահացության 3 դեպքից մանկաբարձական պատճառով 1–ի դեպքում է եղել մահ, իսկ 2018-ի 8 դեպքից 2-ի պարագայում է մանկաբարձական պատճառով մահ եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մյուս կողմից, մանկական մահացության դեպքերի նվազում է նկատվել. ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը` 2017-ին գրանցվել է 307 մանկական մահացության դեպք, իսկ 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք։
Նշենք, որ առողջապահության նախարարությունում նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ:
Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը: