Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից, դատական ծախսերի համար էլ կվճարեն

Դատարանում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնել էր, որ հայցվոր կողմը պետք է վճարի իրենց դատական ծախսերը` 650 000 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած իր հայցը հետ վերցրեց։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քանաքեռ նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ ասաց դատարանում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«Ամբողջովին հրաժարվում ենք մեր հայցից, քանի որ մեզ լիովին բավարարում է պատասխանող կողմի այն հայտարարությունը, որ Փաշինյանն իր խոսքում նկատի չի ունեցել Քոչարյանին»,–ասաց նա։

Որևէ մեկի ցանկությունը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա. գլխավոր դատախազ

Ի պատասխան Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, որ հայցվոր կողմը պետք է վճարի իրենց դատական ծախսերը` 650 000 դրամ։

Ալումյանն էլ արձագանքեց, որ գումարի չափը ողջամիտ չէ` հաշվի առնելով դատական նիստերի քանակը և դատական գործի բարդությունը։

Դատավոր Լիլիթ Սարգսյանը նշեց, որ եթե փոխհատուցման հետ առարկություն չկա, ապա չափի հետ կապված դատական ակտ կկազմվի։ Դատական նիստը համարվեց փակված։

Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց` ասելով, որ իրենց համար անհասկանալի էր այդ հայցն առհասարակ, ու իրենք փոխհատուցում են պահանջել հայցվոր կողմից, որպեսզի կանխվի նման` անհիմն հայցերը. «Բոլոր նրանք, ովքեր անհիմն հայցեր կներկայացնեն, նրանք կվճարեն»։

Ռոբերտ Քոչարյանը կարևոր ռեսուրս է ստացել, որն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ. Բադալյան

Հիշեցնենք, որ Փաշինյանի դեմ ներկայացված հայցադիմումի պատճառը Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքը. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

Երեկ կայացած առաջին դատական նիստի ժամանակ Ալումյանն ասել էր, որ Փաշինյանի դեմ ներկայացրած իրենց հայցը հետ կվերցնեն, եթե պատասխանողը հայտարարի, որ Փաշինյանն իր արտահայտության մեջ նկատի չի ունեցել Քոչարյանին։

Ի պատասխան դատարանում Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշել էր, որ այդ արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Քոչարյանին։

Ո՞ւմ է օգնում դատարանը, և ինչի համար պետք է Փաշինյանը ներողություն խնդրի Քոչարյանից