Պուտինը պաշտոնից ազատել է ոստիկանության երկու գեներալի

ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է երկու գեներալի պաշտոնից հեռացնելու համար միջնորդություն ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ գլխավոր վարչության թմրանյութերի հարցերով վարչության պետի պաշտոնից Յուրի Դևյատկինին և Մոսկվայի արևմտյան տարածքի ներքին գործերի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագիր է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պաշտոնականությունները կապված են «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի գործի հետ։ Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում: Ոստիկանությունից հայտնել էին, որ խուզարկությամբ նրա մոտ մեֆեդրոն տեսակի թմրանյութով 5 փաթեթ են հայտնաբերել, իսկ տան խուզարկությամբ՝ ավելի քան 5 գրամ կոկաին և այն կշռելու համար նախատեսված կշեռք:

​Նշենք, որ լրագրողն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը` հայտնելով, որ երբեք թմրանյութերի հետ առնչություն չի ունեցել: Տեղեկություններ տարածվեցին, որ նրան նախքան դատարան բերելը ծեծել են ոստիկանական բաժանմունքում և ժամեր շարունակ հրաժարվել բժշկական օգնություն ցուցաբերել: Առանց սնվելու և քնելու լրագրողը մնացել էր 2 օր, նրան զրկել էին պաշտպանի հնարավորությունից, փոխարենը տրամադրել էին հանրային պաշտպան, որը մինչ դատը սկսելը 15 րոպե էր ունեցել գործի նյութերին ծանոթանալու համար:

Գոլունովի պաշտպանության համար ռուսական առաջատար լրատվամիջոցներն ամսագրերի, թերթերի ու կայքերի դիմաշապիկներին տպագրել էին նրա անունն ու ազատ արձակելու կոչը՝ տեղի ունեցածը խայտառակություն որակելով: Գործից տեղյակ էին և այն մեկնաբանել էին անգամ նախագահական նստավայրում:

Հունիսի 11–ին Գոլունովի դեմ գործը կասեցվել է։