ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն առաջիկայում պատերազմի վերսկսման հիմքեր չի տեսնում։ Հովհաննիսյանը նման կարծիք հայտնեց այսօր` Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արցախի ՊԲ–ի տարածած հաղորդագրության համաձայն` առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:
«Ես ոչ մի բանի հավանականությունը չեմ բացառում, բայց պատերազմի վերսկսման կանխատեսումների համար էլ արտառոց նախադրյալներ էլ չեմ տեսնում։ Ճիշտ է` ժամանակակից պատերազմները երբեմն անակնկալ են սկսվում, բայց գոնե առաջիկայում պատերազմ սկսելու հիմքեր չեմ տեսնում»,–ասաց նա։
Անդրադառնալով այս օրերին հակառակորդի զորավարժություններ անցկացնելուն, Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմն էլ է շատ բան անում, բայց դրա մասին չեն խոսում։
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի ստեղծմանը` Հովհաննիսյանը նշեց, որ ՊՆ–ն իր մասնակցությունը կունենա հասարակական և քաղաքական պահանջին։ Նրա խոսքով` մինչ այս էլ ՊՆ–ն ուսումնասիրություններ է արել ու դրանք արվել են նույնքան արդար, ջանքով ու լավ մղումով։
Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան
«Ես ուրախ կլինեմ, որ մեր հանրության մեջ հակառակորդի տարածած ապատեղեկատվությունների ընկալումը, միֆերը կոտրվեն, քանի որ, ցավոք, մեր հանրությունը հավատում է նաև հակառակորդի հորինած միֆերին»,–ասաց նա։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթի ընթացքում նշել էր, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է և արդեն սկսել է աշխատանքները։