ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի Վճռաբեկ դատարանն այսօր քննեց գլխավոր դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը, որոնք համաձայն չեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ խափանման միջոցը փոխելու և Մարտի 1–ի գործը սահմանադրական դատարան ուղարկելու հետ։
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Դատական նիստից առաջ լրագրողները մի քանի հարց ուղղեցին Ռոբերտ Քոչարյանին, որոնց նա չպատասխանեց։ Հարցին, թե երբ կխոսի, 2-րդ նախագահը պատասխանեց` նիստից հետո, բայց ոչ այսօր։
Նիստի ընթացքում, որին ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պաշտպանությունը` ի դեմս փաստաբան Հայկ Ալումյանի, դատարանին ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու են մեղադրող կողմի երկու բողոքներն ուղղորդվել նույն դատավորին։
Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշեց, որ գործը հանրային հնչեղություն ունի և չպետք է պարունակի կասկածելի պահեր։
«Առանց ինքնաբացարկի չի կարելի ցրել կասկածները։ Ներկայացված հանգամանքները բավական լուրջ են», – ասաց Քոչարյանը։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ ինքնաբացարկի համար բավարար հիմքեր չկան։
Ավելի ուշ դատարանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 14-ը։ Նա բիր որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ պետք է կողմերը ծանոթանան գործի նոր նյութերին։
Մայիսի 20–ին Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել ՍԴ: