Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Հայտնի է` ինչի համար են Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում»,- ասաց Հարությունյանը։

Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին

Նշենք, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

2019 թվականի հունիսի 8-ին, ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): 46- ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ:

Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: