Վերաքննիչը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքը

Մանվել Գրիգորյանը ներկա չէ իր` խափանման միջոցի հարցով բողոքի քննությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատական նիստին Գրիգորյանը չի մասնակցում, քանի որ, ինչպես պաշտպանները հայտնեցին, նրա առողջական վիճակը չի ներում, չնայած Գրիգորյանն էլ է շահագրգռված մասնակցելու դրանց։

Մանվել Գրիգորյանը 16-17 ժամ ինսուլին է ստանում. նա դեռ վերակենդանացման բաժնում է. պաշտպան

Պաշտպաններն առաջարկեցին խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թող դատարանը որոշի։

Նրանք հայտնեցին, որ այսօր ժամը 12։00–ին նախատեսված է նաև Մանվել Գրիգորյանի և նույն գործով ամբաստանյալ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը։ Այդ նիստին նույնպես, ըստ պաշտպանների, Գրիգորյանը չի կարող մասնակցել։

Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։