ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
«Ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013-2019 թվականներին Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից կաշառք է վերցրել։ Տնտեսվարող սուբյեկտները գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, և այդ անօրինական գործունեությունը չարձանագրելու համար ՊԵԿ տեսուչը որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հարուցված քրգործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: