Մանվել Գրիգորյանը 16-17 ժամ ինսուլին է ստանում. նա դեռ վերակենդանացման բաժնում է. պաշտպան

Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն չէ. նա թթվածնի սարքի օգնությամբ է շնչում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամվոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այժմ 30 հիվանդություն ունի, և հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Գրիգորյանն այժմ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում է, վերակենդանացման բաժանմունքում։ Նա 16-17 ժամ ինսուլին է ստանում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ»,–ասաց պաշտպանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: ՄԻԵԴ–ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջել էր հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը բժշկական հաստատություն:

Մարդու իրավունքների պաշտպանը Մանվել Գրիգորյանի հարցով նամակ է ուղղել նախարարին

Պաշտպանի խոսքով` Գրիգորյանի հանդեպ ուղղակի հաշվեհարդար էին տեսնում, քանի որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի տակ պահելու որոշման հետ։ Ըստ նրա` եթե մինչ այս Գրիգորյանը կտրուկ դեմ էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն, ապա հիմա իր համաձայնությունն էր տվել, որ գոնե ՄԻԵԴ դիմեն` իրեն քաղաքացիական հիվանդանոց ուղարկելու համար։

«ՄԻԵԴ–ը մեր դիմումը քննեց արագացված կարգով, ու որոշումը եղավ այն, որ Գրիգորյանին պետք է անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն։ Գրիգորյանի հետ կապված այս նախադեպին մեր իրավապահները պետք է իրավական գնահատական տան»,–նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։