Էկոնոմիկայի նախարարը խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի գրանցած տնտեսական հաջողությունների մասին

Նախարարի խոսքով` կարևոր է փաստել, որ Հայաստանից ԵԱՏՄ հիմնականում վերջնական սպառման ապրանքներ են արտահանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելուց (2015 թվական) հետո մեր երկրի ու ԵԱՏՄ այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ամեն տարի աճել է միջինը 34%–ով։ ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանը աշխարհաքաղաքական խաղեր չի խաղում. Մնացականյանը պարզաբանել է Փաշինյանի ասածը

Նա նշեց, որ հաշվետվության ենթական շրջանում Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ երկու անգամ աճել է։ Միայն 2018 թվականին այդ ցուցանիշն աճել է 20,7%–ով։

«Շատ կարևոր է արձանագրել, որ հիմնականում վերջնական սպառման ապրանքներ են արտահանվել։ Լեռնահանքային հումքը արտահանման ընդհանուր ծավալում շատ փոքր մաս է կազմել` 1,1%։ Դա խոսում է այն մասին, որ հայկական արտադրության ապրանքները մրցունակ են ու պահանջարկ են վայելում սպառողների կողմից», – նշեց նախարարը։

Խաչատրյանի խոսքով` ԵԱՏՄ–ի գործունեության առաջնային ուղղությունը մինչև 2025 թվականը առանցքային ապրանքների համար ընդհանուր շուկաների ստեցծումն է։ Խոսքը նախևառաջ գազի, նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի, նաև էներգակիրների արտադրողների համար հավասար պայմանների ստեղծման մասին է։