Դատարանը Արա Մինասյանի գործով սուբյեկտիվ որոշում է կայացրել. Արսեն Թորոսյանի փաստաբան

ՀՀ առողջապահության նախարարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրենի հասցեին տհաճ արտահայտություններ անելու հիմքեր ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարի պաշտպանական կողմը կարծում է, որ դատարանը սուբյեկտիվ է վարվել` պարտավորեցնելով նախարարին ներողություն խնդրել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Հունիսի 8–ին երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարտավորեցրել նրան ներողություն խնդրել Մինասյանից։

Թորոսյանը Սերժ Սարգսյանի խնամու մեղադրանքը չի ընդունում

«Դատարանը մեզ բավարար լծակներ չի թողել, որ մենք պաշտպանենք մեր դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։ Ընդ որում` Թորոսյանը բժշկական կենտրոնում չարաշահումների մասին հայտարարություններ անելու հիմքեր ուներ», – նշեց փաստաբանը։

Դատարանը պարտավորեցրել է նախարարին հաստատել իր արած հայտարարությունները, սակայն համապատասխան նյութերը քննչական մարմնի մոտ են։ Վերջինս հրաժարվել է տրամադրել դրանք Թորոսյանին ու փաստաբանին` ելնելով քննության գաղտնիության նկատառումներից։ Երբ պաշտպանությունը դատարան է դիմել` քննությունից ապացույցները պահանջելու խնդրանքով,դատարանը մերժել է խնդրանքը։ Փաստաբանն անհեթեթ է համարում, որ դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ոչ միայն Թորոսյանին, այլև գերատեսչությանը, որն այս դեպքում գործի հետ կապ չունի։

Դատարանը մերժել է պարզաբանումներ տալու նպատակով Մինասյանին հարցաքննելու փաստաբանների առաջարկը։ Փաստացի, Գյոզալյանի խոսքով, դատարանը պաշտպանական կողմին թողել է առանց սեփական դիրքորոշումը պաշտպանելու միջոցների ու մեխանիզմների։ Փաստաբանն ասաց, որ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը, նաև դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով Արդարադատության խորհուրդ դիմելու հարցն է քննարկվում։