ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Քաղաքապետարանի շենքում ժամանակավոր ապաստան ստացած տղամարդը գիշերը նռնակ է նետել շենքի ներսում և պայթեցրել ՔԿԱԳ-ի գրասենյակը:
Այս պահին մեծ թվով ոստիկաններ գտնվում են Վեդիի քաղաքապետարանի շենքում։ Ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, պայթյունը որոտացել է քաղաքապետարանի շենքում գտնվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանները Վեդիի կենտրոնական հրապարակից մի տղամարդու են բերման ենթարկել. վերջինս կասկածվում է նռնակը նետելու մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդուն քաղաքապետարանը ժամանակավոր ապաստան է տվել հենց քաղաքապետարանի շենքում։ Նա հաճախ եղել է ալկոհոլ ազդեցության տակ և ոչ սրտացավ վերաբերմունք դրսևորել իրեն հատկացված սենյակի նկատմամբ։
Այդ պատճառով շենքի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Ենթադրվում է, որ տղամարդը վրդովվել է պարետի պահանջից և ի նշան բողոքի՝ գիշերը նռնակով պայթեցրել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակն ու հեռացել շենքից։ Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։