ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Իտալացի գիտնականները Հայաստանում կներկայացնեն նոր թվային տեխնոլոգիա թանգարանային նմուշների համար։ Այդ մասին Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի (CNR) նախագահ Մասիմո Ինգուշոն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին։
Հայաստանում Ինգուշոն մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով» բանավիճային համաժողովին, որը գումարվել է Դիլիջանում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։
Իտալիան մասնակցում է կապի նոր քվանտային տեխնոլոգիաների վերաբերյալ եվրոպական հետազոտություններին։ Նրանք բոլորովին նոր մակարդակի վրա կբարձրացնեն հեռահաղորդակցությունները։ Դա չափազանց օգտակար կլինի գիտության, առողջապահության, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության համար։
«Չէ՞ որ, ասենք, գերճշգրիտ գյուղատնտեսությունը սենսորներ են, լազերներ, անօդաչու սարքեր դաշտերի մոնիտորինգի համար։ Աշխատանքի համար ընդամենն անհրաժեշտ է որակյալ կապ», - նշեց Ինգուշոն։
Նոր տեխնոլոգիաները օգտակար կլինեն ոչ միայն հիվանդանոցներում կամ դաշտերում, այլ նաև Հայաստանի մշակութային արժեքների պահպանման գործում։ Այդ տեխնոլոգիայի շնորհանդես-ցուցահանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին հանրապետության թանգարաններից մեկում։
«Այսպիսով, դուք կարող եք ավելի արագ և հեշտ ցույց տալ ամբողջ աշխարհին ձեր թանգարանների հարստությունը», - ասաց Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի ղեկավարը։
Իտալացի գիտնականները համագործակցության են հրավիրում հայ գործընկերներին նաև այլ ոլորտներում։ Իտալիայի իշխանությունների համար ևս մեկ գերակա ուղղություն է ծովերի աղտոտվածության դեմ պայքարը (հիմնականում՝ կենցաղային պլաստիկի)։ Այստեղ CNR-ն ուսումնասիրում է շատ նախագծեր աղբի վերամշակման համար։ Իտալացիները միշտ պատրաստ են համագործակցության թե՛ լաբորատորիայում, թե՛ բաց երկնքի տակ։
Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը