Սարսափելի դեպք Վեդիում. 8 ամսական երեխա է մահացել. մանրամասներ

Փոքրիկը նախորդ տարի ամուսնացած զույգի առաջնեկն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երեկ Վեդի քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել. նախնական տվյալներով` 8 ամսական երեխան տանը հոսանքահարվել է ու մահացել հիվանդանոցում։

Երևանում 7-րդ հարկից ընկած փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում

Փոքրիկի մահն արձանագրվել է «Վեդի» բժշկական կենտրոնում ժամը 10։25-ի սահմանում։ Այդ ժամին էլ հիվանդանոցից ահազանգել են տարածքային ոստիկանություն ու տեղեկացրել կատարվածի մասին:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեխան նախորդ տարի ամուսնացած զույգի առաջնեկն էր: Ապրում էր ծնողների հետ: Դեպքի ժամանակ տանը եղել է միայն մայրը, որը կենցաղային գործերով է զբաղված եղել:

Փոքրիկի համար օրեր առաջ հենաքայլակ էին գնել, և երեխան հենաքայլակի մեջ է եղել, երբ ձեռքով դիպչել է վարդակի բաց էլեկտրալարերին ու հոսանքահարվել: Վարդակը կպչուն ժապավենով քողարկված է եղել, բայց դա երեխային հոսանքահարվելուց չի փրկել:

Մայրը տեսնելով, որ երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կանչել է հարևաններին և անմիջապես զանգել է շտապօգնություն:

Փոքրիկն այս տարվա հոկտեմբերին կդառնար 1 տարեկան։