Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի–Նաիրիտ» գործարան և նոր համաձայնագրեր ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Շանսի–Նաիրիտ» հայ–չինական կաուչուկի գործարանը զարգացնելու նպատակով նոր համաձայնագրեր կստորագրվեն։ Այսօր Դիլիջանում «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Շանսի Նաիրիտը» հիմնադրել են Հայաստանի կառավարությունն ու չինաստանցի ներդրողները։ Վերջերս Չինաստան էր մեկնել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, որը մի քանի համաձայնագիր է ստորագրել ՉԺՀ գործընկերների հետ։

«Մասնավորապես, մենք մի շարք պայմանագրեր ենք երկարացնում ձեռնարկության աշխատանքի վերաբերյալ և այնտեղ աուդիտ կանցկացնենք։ Բացի այդ,գործարան կգնան չորս մասնագետ Հայաստանից, ընդ որում` նրանցից մեկը փոխտնօրենի կարգավիճակում», – ասաց Ավինյանը։

Ձեռնարկությունն արդեն կաուչուկ է արտադրում չինական շուկայի համար, և այն, ըստ Ավինյանի, արդեն կարելի է հաջողված, կայացած նախագիծ անվանել։

Ժամանակին չինական գործարանը ստեղծվել էր Հայաստանում գործող նմանատիպ գործարանի («Նաիրիտ») տեխնոլոգիաների կիրառմամբ։ Բայց չինացի գործընկերները դեռ չեն կարող հայկական գործարանին օգնել կամ գոնե ՀՀ կառավարությանը դիվիդենդներ վճարել շահույթից։

Բիզնես կենտրոն ու հյուրանոց` «Նաիրիտ-2»-ի տեղում

«Մենք դեռ դիվիդենդներ չենք ստանում, քանի որ գործարանը դեռ շահույթ չի ստանում», – ասաց Ավինյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Շանսի Նաիրիտը» կարող է ներդրող դառնալ հայկական «Նաիրիտի» համար, որն արդեն 9 տարի է` չի գործում, Ավինյանը պատասխանեց, որ առայժմ վաղ է այդ մասին խոսել։

«Պետք է ուսումնասիրել գազի գները, լոգիստիկայի սխեմաները։ Եթե դրանք զարգացման ինչ–որ հնարավորություններ տան, ապա «Շանսին» էլ, մյուս ներդրողներն էլ կհետաքրքրվեն դրանցով։ Բայց, ցավոք, ներդրողներից դեռ առաջարկներ չենք ստացել», – ասաց նա։

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, «Նաիրիտը» մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որը այս տարիների ընթացքում, երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։

Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։ Այն անցել է բանկին, որը համաձայնել է վերադարձնել գործարանը պետությանը։ Ավելի քան երեք տարի գործարանը նոր ներդրողներ է փնտրում։