Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը հրաժարական է տվել` Հայաստանում պաշտոն ստանձնելու համար

ԱՄՆ հայ համայնքում արդեն տեղյակ են, թե ով է առաջիկայում զբաղեցնելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը։ Նրան արդեն հրաժեշտ են տվել ու ճանապարհել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի բարձր պաշտոն զբաղեցնի Հայաստանի Հանրապետության կառավարությունում։ Այս մասին գրում է «Ասպարեզը»։

ՀՀ նախագահը 5 նախարարի նշանակման հրամանագիր է ստորագրել

Թեև Հայաստանի կառավարությունը պաշտոնական հայտարարություն չի արել, բայց ենթադրվում է, որ Սինայանը ստանձնելու է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը։

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին Գլենդելին մատուցած ծառայությունների համար։ Տեղական օրենքների համաձայն` քաղաքային խորհրդի նոր անդամ կնշանակվի 1 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում 4 ամսվա ընթացքում նոր ընտրություն կկազմակերպվի։

Սինանյանն առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ և վերընտրվել 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին և 2018-2019-ին:

Սինանյանը նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:

Հիշեցնենք` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի նախարարությունը միացվել է վարչապետի աշխատակազմին՝ վերաձևակերպվելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի։