Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Պետրոսյանն անդրադարձավ ինչպես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում շրջադարձային նշանակություն ունեցած իրադարձությանն ու դրա առանձին մանրամասնություններին, այնպես էլ այդ ռազմագործողությանը մասնակցած ամերիկյան բանակի հայազգի մարտիկներին:
Դաշնակից զորքերի «Օվերլորդ» գործողությանը մասնակցած հայերի մասին շատ քիչ տեղեկություններ կան: Բայց Ստրասբուրգի համալսարանում ուսանելու շրջանում պատմաբան Արարատ Պետրոսյանը հետաքրքրվել է այս խնդրով ու կարողացել է որոշ տեղեկություններ պարզել ամերիկյան բանակի առնվազն երկու հայ մարտիկների՝ Վաղարշ Վաճառականյանի և Կարապետ Տերտերյանի մասին: Մեր երկու հայրենակիցն էլ փրկվել են Ցեղասպանությունից, հետո հաստատվել են Ֆրանսիայում, իսկ պատմական զարգացումների բերմամբ, արդեն ամերիկյան բանակի կազմում եղել են Ֆրանսիան ֆաշիզմի լծից ազատագրողների շարքերում: