Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ևս 3 հոգու են ձերբակալել. հայտնի չէ` հայեր են, թե ոչ

Քննչական մարմինները փորձում են պարզել, թե ձերբակալվածներն ինչ դերակատարություն են ունեցել սպանությամբ ավարտված վեճի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած վեճի ևս երեք մասնակցի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «Բիր Հաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների աջակցությամբ ևս երկու կասկածյալի են ձերբակալել, երրորդն էլ ինքնակամ է ներկայացել քննչական մարմին։

«Նրանց հետ քննչական գործողություններ են տարվում, պարզվում է նրանց դերն ու մասնակցությունը միջադեպին», – պատմել է գործակալության զրուցակիցը։

Այլ մանրամասներ չեն հայտնում` ելնելով քննության գաղտնիությունից։

Նիկիտա Բելյանկինի գործով Ռուսաստանում կալանավորել են Սերգեյ Խոջոյանին և Սուրեն Մարկոսյանին

Ավելի վաղ գործի շրջանակում կալանավորվել էին ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջոյանը և Սուրեն Մարկոսյանը, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանն ու Սահակ Սահակյանը։ Առաջինը մեղադրվում է սպանության մեջ, մյուս երեքը` խուլիգանության։ Նրանցից ոչ մեկն իր մեղքը չի ընդունում։

Հիշեցնենք` Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն էր հայտնել Բելյանկինի հարազատներին և բարեկամներին` վստահեցնելով, որ առավելագույն աջակցություն կցուցաբերեն քննությանը և կանեն իրենցից կախված ամեն բան, որպեսզի ողբերգության մեղավորները պատժվեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նախկին հատուկջոկատայինի մահը մեծ ողբերգություն է անվանել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հանցագործներն ազգություն չունեն, և այս գործը չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա։