ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

ՄԻԵԴ–ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը բժշկական հաստատություն:

Մարդու իրավունքների պաշտպանը Մանվել Գրիգորյանի հարցով նամակ է ուղղել նախարարին

Բացի այդ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը համապատասխան տեղեկատվություն ներկայացնել, որի հիման վրա կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Նույն օրը Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։