Անծով Հայաստանին ծովային օրենսդրությու՞ն. ինչո՞ւ է դա պետք

«Ծովային օրենսդրության» ընդունումը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Սրանում վստահ է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  7 հունիսի — Sputnik. Հայաստանի դրոշի ներքո նավերը կկարողանան անարգել նավարկել տարբեր երկրների ծովային տարածքներով։ Սակայն դրա համար հատուկ թույլտվություն է պետք։ Անհրաժեշտ է նաև, որ ՀՀ խորհրդարանը «ծովային օրենսդրություն» ընդունի։

«Ծովային օրենսդրության» նախաձեռնողը ՀՀ ԱԺ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանն է։

Պատգամավորն առաջարկում է զեղչ սահմանել պարտաճանաչ վարորդների համար

Ժամանակին Հայաստանը միացել է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որի համաձայն, դեպի ծով ելք չունեցող երկրներն իրավունք ունեն օգտագործել երրորդ երկրների տարածքն ու սեփական նավերը։ Դրանք գրանցված կլինեն Հայաստանում, հետևաբար` նավարկելու են հայկական եռագույնի ներքո։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ավարտել է «ծովային օրենսդրության» մշակման գործընթացը։

«Օրենսդրության մեջ նշված է`ինչ իրավունքներով է օժտված երկիրը ծովային ոլորտում, նավերի գրանցման եղանակն է նկարագրված, նկարագրված են նաև գրանցումից հրաժարվելու տարբերակները, «դրոշ–պետություն» հարաբերությունները, այն ամենը, ինչ վերաբերում է ծովային տրանսպորտին, այդ թվում` գետերին, օվկիանոսին», – ասաց Փամբուխչյանը։

Այս ամենն արտացոլված է «ծովային օրենսդրության» 200 էջերում։ Նա ընդգծեց, որ հիմնարար փաստաթուղթը կազմված է, այժմ պետք է գիտափորձարարական գնահատական տրվի ու համեմատվի պարունակությունը Հայաստանի օրենսդրության հետ։

«Դա Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Հայկական դրոշի ներքո նավը կկարողանա անարգել նավարկել աշխարհի տարբեր երկրների տարածքներով», – ասաց Փամբուխչյանը։

Հաջորդ փուլը օրենսդրության  ընդունումն ու տեխնիկական հարցերի (այդ թվում` նավատորմի ու նավահանգստի գրանցման հետ կապված) լուծումն է։ Թե որքան ժամանակ դա կպահանջի, դեռ անհայտ է։