«Երկրորդ ճակատը» և ամերիկյան բանակի հայ մարտիկները. ի՞նչ է հայտնի

Հունիսի 6-ը, իհարկե, նշանակալի օր է Երկրորդ աշխարհամարտի պատմության մեջ: 75 տարի առաջ խոշորագույն դեսանտային գործողությամբ բացվեց «երկրորդ ճակատը»: Հենց այդ օրն է սկսվել «Օվերլորդ» գործողությունը: Այն մինչ օրս համարվում է երբևէ իրականացված խոշորագույն դեսանտային գործողությունը, որի բոլոր փուլերում ներգրավված զինվորականների թիվը հասնում է երեք միլիոնի:
Sputnik

Ուղիղ 75 տարի առաջ, 1944 թվականի հունիսի լույս 6-ի գիշերը դաշնակից զորքերը, որոնց առանցքը կազմում էին ամերիկյան, բրիտանական ու կանադական բանակների մարտական ստորաբաժանումները միաժամանակյա օդային և ծովափնյա դեսանտով սկսեցին «Օվերլորդ» գործողությունը: Դաշնակիցների մեկնարկային խնդիրն էր ափհանմամբ և օդային դեսանտով պլացդարմներ գրավել Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում, ձևավորել կայուն հենակետեր՝ ինչպես զորքի մնացյալ հատվածի ափհանման, այնպես էլ, հասկանալի է՝ ֆաշիստական Գերմանիայի բանակի դեմ հետագա հարձակումը ծավալելու, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հետագա ազատագրման համար:

«Երկրորդ ճակատը» և ամերիկյան բանակի հայ մարտիկները. ի՞նչ է հայտնի

Նախ պետք էր ափ դուրս գալ կամ դիրքեր գրավել օդադեսանտային գործողությամբ: «Օվերլորդը», որի մեկնարկը նշվում է նաև որպես «Դ-օր» գործողություն, բազմափուլ ռազմավարական ծրագիր էր, իր հերթին բաղկացած «Նեպտուն» և «Կոբրա» ծավալուն գործողություններից:

Չնայած այն բանին, որ դաշնակիցները (հիմնականում բրիտանական և ամերիկյան բանակները) ավելի վաղ գերմանական զորքերի դեմ կռվել էին նաև Հյուսիսային Աֆրիկայում, «Օվերլորդից» առաջ էլ, արդեն Սիցիլիան էին ազատագրել ու Իտալիայում էին ճակատ բացել, 75 տարի առաջ իրականացված գործողությունն է համարվում «երկրորդ ճակատի» բացումը:

«Երկրորդ ճակատը» և ամերիկյան բանակի հայ մարտիկները. ի՞նչ է հայտնի

Իհարկե, պատմագիտական ու նաև քաղաքագիտական գնահատականի և տեսանկյան հարց է, թե «երկրորդ ճակատի» բացման հիմնական խթանը Արևմտյան Եվրոպայի ազատագրումն ու ֆաշիստական Գերմանիայի տապալումն արագացնե՞լն էր, պատերազմի հիմնական ծանրությունը կրող Խորհրդային Միության վիճակը թեթևացնե՞լը, թե՞ մեկ այլ գործոն: Կա տեսակետ, որ դաշնակիցները այդպիսով փորձում էին գոնե մի քիչ առաջ անցնել Ստալինից, կանխել խորհրդային ուժերի մուտքը բուն Արևմտյան Եվրոպա:

Բայց հիմնականն, այնուամենայնիվ, բուն գործողությունն է՝ արյունալի մարտերն ու անհատների սխրանքը, կոնկրետ ճակատագրերը: Ինչպես ասենք, գեղարվեստական հանրահայտ կինոնկարում պատկերված «շարքային Ռայանը»…

 

Չնայած այն իրողությանը, որ միայն ԱՄՆ զինված ուժերի կազմում Երկրորդ աշխարհամարտին շուրջ 20 հազար հայեր են մասնակցել, հետաքրքիր է, որ գրեթե ոչ մի տեղեկություն չէի գտնում կոնկրետ այդ՝ ամենախոշոր դեսանտային գործողությանը մասնակցած հայ մարտիկների մասին: Գրեթե ոչինչ: Երկու-երեք օր համացանցն ապարդյուն «փորփրելուց» հետո դիմեցի Ստրասբուրգի համալսարանում պատմություն և կոնկրետ Երկրորդ աշխարհամարտի պատմությունն ուսումնասիրած, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Պետրոսյանին:

Շառլ Ազնավուրի դրախտի և դժոխքի սահմանագիծը. հիմա դուք ռու՞ս եք, հրեա՞, թե՞ արաբ

Պարզվեց, որ այո, ամերիկյան բանակի այն ստորաբաժանումներում, որոնք ոտք են դրել Նորմանդիա, հայեր շատ քիչ են եղել: Առհասարակ, ԱՄՆ զինուժում ծառայած հայերից շատերը կամ խաղաղօվկիանոսյան մարտական գործողություններում են ներգրավված եղել (Ճապոնիայի դեմ), կամ Իտալիան ազատագրող ստորաբաժանումներում:

Բայց պատմաբան Արարատ Պետրոսյանի օգնությամբ տեղեկացանք մեր երկու հայրենակցի մասին: Նրանցից առաջինը Վաղարշ Վաճառականյանն է, որը ծնվել է 1905 թ.-ին՝ Պարտիզակում (ներկայիս Թուրքիայի տարածք): Վաղարշ Վաճառականյանի մասին հայտնի է, որ նրա ընտանիքը Ֆրանսիայում է հաստատվել 1923-ին: Հետագայում՝ 1936-ին Վաղարշ Վաճառականյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխարհամարտի տարիներին ընդգրկվել է ամերիկյան բանակի շարքերում: Եղել է 101-րդ գումարտակի շարքային մարտիկ, զոհվել է 1944 թվականի հունիսի 27-ին, Նորմանդական պլացդարմում:

Հայտնի է նաև, որ Վաճառականյանի՝ Ֆրանսիայում մնացած ազգականները եղել են ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներ:

«Օվերլորդ» գործողության ևս մեկ մասնակից է մեր հայրենակից, ԱՄՆ 1-ին բանակի մարտիկ Կարապետ Տերտերյանը:

«Երկրորդ ճակատը» և ամերիկյան բանակի հայ մարտիկները. ի՞նչ է հայտնի

Պատմաբան Արարատ Պետրոսյանի աջակցության շնորհիվ կարող ենք նշել, որ Կարապետ Տերտերյանը ծնվել է Վանում՝ 1894 թվականին: Նա Ֆրանսիայում է հաստատվել 1924-ին: Ընդգրկվել է ֆրանսիական բանակ, եղել է «արտասահմանյան լեգեոնի» մարտիկ, մասնակցել է Աֆրիկայում տեղի ունեցած մարտական գործողություններին: Այն բանից հետո, երբ ֆաշիստական Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիան, Կարապետ Տերտերյանը մեկնել է ԱՄՆ:

Մոռանում ենք մեծանուն այրերի կանանց. ի՞նչ է հայերին առաջարկել Գրենոբլի քաղաքապետարանը

Այստեղ արդեն դարձել է ամերիկյան բանակի զինվոր: Մասնակցել է ինչպես Նորմանդիայի ազատագրման դեսանտային գործողությանը, այնպես էլ ԱՄՆ 1-ին բանակի իրականացրած մի շարք այլ մարտական գործողություններին: Մասնավորապես՝ մարտական մեդալով է պարգևատրվել Կալեի ազատագրման համար:

Կարապետ Տերտերյանի պատմությունը, չնայած ժլատ տվյալներին, հատկանշական է: Բանն այն է, որ Ֆրանսիայում մնացած նրա հորեղբորորդին նույնպես Դիմադրության շարժման ակտիվ մասնակից է եղել և գերմանացիների կողմից մահապատժի է ենթարկվել 1944-ին:

Իմանալով այդ մասին, Կարապետը ամեն կերպ համոզել է իր բանակային ղեկավարությանը, որ իրեն անպայման ընդգրկեն դեսանտավորվող ստորաբաժանման կազմում: Եվ հասել է իր ուզածին: Կարելի է չկասկածել նաև, որ լուծել է սպանված եղբոր վրեժը:

Կարապետ Տերտերյանը տեսել է և Գերմանիայի դեմ տարած հաղթանակը, և Երկրորդ աշխարհամարտի ավարտը: Հետագայում նա հաստատվել է ԱՄՆ-ում, Քոննեքթիքութում, որտեղ էլ 1968-ին կնքել է մահկանացուն: